VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Սրբազան շարժումը թեեւ այլեւս չունի նախկին թափը, եւ բողոքի ակցիաներին այլեւս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, եւ նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն եւ թույլ չտան օգնել ընդդիմությանը։ Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին եւ նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեեւ չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկովյան այցի ընթացքից ու ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դեմարշ է արել ՌԴ-ի դեմ. նախ՝ Հայաստանը չմիացավ ԱՊՀ պետությունների փոխարտգործնախարարների հավաքում ընդունված երկու հայտարարություններին։ Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որեւէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Կան նաեւ լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։
Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնենք, ասել էր, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8-ին եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց «մեկն» այդ գաղափարին չի աջակցել: Տպավորություն է, որ Փաշինյանը հավատարիմ է արեւմտյան կենտրոնների առջեւ ստանձնած պարտավորություններին եւ մերժում է ռուսական հարթակը, ավելին՝ ՌԴ-ին ՀՀ-ից քայլ առ քայլ հեռացնում է: Սակայն այս համատեքստում ուշագրավ է նաեւ, որ Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ին։
Քաղաքական շրջանակներում այս հրավերը տարբեր կերպ են մեկնաբանում` ոմանք համոզված են, որ Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում եւ Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։ Ավելին, երեկ անգամ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 8-ի լուսադեմին, որը չի հրապարակայնացվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում արդեն պատրաստվում են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ից մեկնարկող նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան, իսկ մինչ այդ հանձնաժողովների համատեղ նիստերում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկվի: Նշենք, որ սեպտեմբերին` կառավարությունում խորհրդակցության ժամանակ, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն իսկ ներկայացվել է: ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց, սահմանված կարգով, մասնակցում են նաեւ վարչապետի կողմից լիազորված անձինք: Այսինքն՝ նախ Նիկոլ Փաշինյանն է հանձնաժողովում ներկայացնելու բյուջեի նախագիծը, այնուհետեւ նախարարները եւ ոլորտային մյուս պատասխանատուները: Հանձնաժողովի նիստերում քննարկվելուց հետո՝ նախագիծը պետք է հասնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ արդեն նոյեմբերի կեսին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք հայեցողական եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգեւատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Նման պարգեւների են արժանացել նաեւ համակարգի գործող եւ նախկին այլ աշխատակիցներ։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեդալով պարգեւատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է: Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռեւս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Դե իսկ հիմա Փաշինյանին չեն էլ հրավիրում. նրան առնչվող գործերը ուղղակի անտեսվում են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ սեփականաշնորհող ընկերությունը GTB Holdings ՍՊԸ-ն է։ Իսկ ո՞վ է այդ արտոնյալ գործարարը: Շուկայի վաճառականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս պնդում էին, որ շենքի տարածքում բնակելի շենք է կառուցվելու, իսկ իրենք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Այսինքն՝ շարքային բնակիչը տուժելու է, իսկ խոշոր գործարարի բիզնեսը՝ զարգանալու: Իսկ ո՞վ է խոշոր գործարարը, որի կարիքներն ու բիզնես նկրտումները ՀՀ քաղաքացու շահերից բարձր են դասել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներց պարզեց, որ GTB Holdings ՍՊԸ-ն հիմնադրվել է 12.07.2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, ներառում է հետեւյալ կազմակերպությունները՝ «ԳՏԲ Անհաղթ» ՍՊԸ-ն, «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն , «ՋԻ ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ն եւ «ՋԻ ԹԻ Բի Բիլդ» ՍՊԸ-ն: Ընկերությունները տարբեր շինարարական եւ կառուցապատման նախագծեր են ներկայացնում. Երեւանում այսպիսիք են, օրինակ, Դավիթ Անհաղթ 25 հասցեում կառուցվող նոր եւ ինքնատիպ բազմաբնակարան շենքն ու հայտնի Կոմիտասի շուկայի ետնամասում կառուցվելիք բազմապրոֆիլ ու բազմաբնակարան շենքը, ինչպես նաեւ կազմակերպությունների նախագծերից է Երասխի կրակոցներից փրկված-տեղափոխված ամրանների գործարանը: Իսկ ովքեր են GTB Holdings ՍՊԸ-ի սեփականատերերը. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։ Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է: Օրաթերթը փորձեց կապ հաստատել Նոնո Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում Կոմիտասի շուկայի աշխատակիցներին. սակայն չհաջողվեց, մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Հավելենք, որ Նոնո Սարգսյանի ամուսինը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ խոշոր գործարար, որը անգամ դիվանագիտական անձնագրով ոչ վաղ անցյալում ազատ ելումուտ էր անում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս հանգամանքը բավական շատ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թե՛ հայկական, թե՛ արտերկրյա մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը «մեսիջ» են հղում ՌԴ-ին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, միևնույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում բոյկոտելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և, այսպես ասած, «ատամ» է ցույց տալու Մոսկվային։
Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Եվրասիական ինտեգրացիան և դրա շրջանակներում բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչումը՝ էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային և հումանիտար, ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և բոյկոտելով որոշակի փաստաթղթերի ստորագրումն այդ կազմակերպության ներսում՝ Փաշինյանը Հայաստանին վերագրում է, այսպես կոչված, Արևմուտքի «տրոյական ձիու» գործառույթ։ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ փաստաթուղթը Արևմուտքի պատժամիջոցների քննադատություն է պարունակում։ Արևմուտքը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ և այդ փաստաթղթի ընդունումը Մոսկվայի համար կարևոր էր՝ որպես ԵԱՏՄ-ի կոլեկտիվ պատասխան Արևմուտքին, և այս առումով, ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ի կողմից այս փաստաթղթին չմիանալը Երևանի փորձն է «չայրել կամուրջները» նաև Արևմուտքի հետ։
«Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին՝ սեփական իշխանության պահպանման համար։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված միջոցառումների շղթա է՝ այսօր նա ռուսամետ է, վաղը՝ արևմտամետ։ Հայաստանը Փաշինյանի օրոք բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները, ժամանակ առ ժամանակ չի մասնակցում ԵԱՏՄ միջոցառումներին՝ դա փորձելով ներկայացնել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, իսկ իրականում ՔՊ-ն կատարում է Արևմուտքի հակառուսական հրահանգները»,նշում են հեղինակներն ու հավելում, որ ԵԱՏՄ-ի կայացումն ու ինտեգրացիայի խորացումը չի բխում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Լոնդոնը ցանկանում են չեզոքացնել ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ ներկայությունը հետխորհրդային տարածքում և ողջ նախկին ԽՍՀՄ տարածքը վերածել «նոր Ուկրաինայի»՝ հակառուսական երկրների կոալիցիայի:
«Փաստ» օրաթերթը գրում է. Տարաժամկետ վճարման պայմանով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս», այժմյան Eighty Eight Hotel and Spa հյուրանոցային համալիրը ձեռք բերած իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, վճարումները կատարել է ժամկետից շուտ և արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։
Իսկ ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելիսը», որը ժամանակին այնքան անմխիթար վիճակում էր, որ 2,5 տարվա ապարդյուն ջանքերից ու յոթ անհաջող աճուրդից հետո վերջապես գնորդ ունեցավ: Պարզվում է՝ մոտ մեկ տարուց ավելի վերանորոգման լայնածավալ աշխատանքներից հետո այս տարեսկզբին իր դռները բացած հյուրանոցային համալիրն արդեն հասցրել է բավական պահանջված լինել, իսկ իշխանություններն էլ գոհ են մնացել կայացած գործարքից։ Այսինքն՝ այս ուղղությամբ ևս նորօրյա օլիգարխի բիզնեսը փթթում է: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Գոլդեն Փելիսը» դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Ավելին, թերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ նաև սեպտեմբերին գրեթե անհնար է եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին համար ամրագրել: Գրեթե նույն վիճակն է նաև հոկտեմբերի համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես տեղեկացրել էինք, գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ, իսկ նման ինտենսիվ և, ինչպես փաստաբաններն են նշում, խիստ անհամաչափ որոշման համար հիմքերը այդպես էլ մնում են անհասկանալի: Հակոբյանի փաստաբանական թիմից մեզ տեղեկացրին, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով՝ հստակ հիմքերի և հիմնավորումների ներկայացմամբ: Ի դեպ, ուշագրավ է, որ նշված քրեական վարույթը փաստացի սկիզբ է առել դեռևս 2019 թվականից, քրեական վարույթի վերաբերյալ առկա են բազմաթիվ հրապարակումներ: Եվ այսքան տարի անց դատարանի որոշումը ուսումնասիրելու դեպքում կարող է տպավորություն առաջանալ, թե քրեական վարույթը նոր է հարուցվել, այլ ոչ հինգ տարի առաջ, կամ Կարեն Հակոբյանին երբևէ նախկինում չեն հարցաքննել և նոր պետք է հարցաքննեին: Բազմաթիվ իրավաբաններ պարբերաբար շեշտում են, որ կալանքը որպես խափանման միջոց չպետք է չարաշահվի, այն պետք է իսկապես կիրառվի բացառիկ դեպքերում: Սակայն շատ հաճախ այս իշխանությունների օրոք կալանքը վերածվում է պատժի միջոցի:
Այս դեպքում ևս փաստաբանական թիմը միջնորդել էր նաև տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրել, որքան էլ որ միջնորդությամբ հիմնավոր կասկածի շեմը չէր հաղթահարվում, սակայն դատարանը գտել էր, որ հինգ տարվա վաղեմություն ունեցող գործով հինգ տարի անց միայն կալանքը պետք է ընտրվի որպես խափանման միջոց: Ընդհանրապես, փաստաբանները նշում են, որ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջովին անտեսել է փաստացի կալանքը բացառող ակնհայտ հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում նոր «լիսկաներ» են հայտնվում: «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». այս խոսքերի ու անպատժելիության հեղինակը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Գուրգեն Հակոբյանը՝ փորձելով բարձրաձայնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի «բեսպրեդելը» մարզում, որի դեմ չեն կարողանում պայքարել անգամ իրավապահները: Ըստ քաղաքացի Գուրգեն Հակոբյանի՝ ինքը «Կվարց Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ իր ղեկավարած ՍՊԸ-ն «Լուսակունք» ՍՊԸ-ից մետաղական խողովակներ է գնել:
«Մետաղական խողովակները գտնվում են Վարդենիսի վարչական շրջանի Այրք համայնքի տարածքում: Հետագայում ցանկացել եմ խողովակները տեղափոխել այլ վայր ու դիմել եմ համայնքապետին (բոլոր դիմումներս կան), նաեւ մարզպետին, բայց թույլ չեն տալիս խողովակները տեղափոխեմ՝ ու վերջ: Կան բոլոր փաստաթղթերը, որ խողովակները պատկանում են մեր ընկերությանը, սեփականության վկայականն էլ իմ ձեռքում է, սակայն մարզպետը թույլ չի տալիս՝ խողովակները տեղաշարժեմ: Ասում է՝ խողովակները համայնքինն են ու պետք է մնան համայնքում: Դիմել եմ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, նա էլ վախենում է թույլատրելուց, քանի որ Գեղարքունիքի մարզպետը ասում է, որ Գեղարքունիքի մարզի «թագավորն» ու «Նիկոլն» ինքն է, ոնց ուզում է՝ պիտի այդպես լինի, ոչ ոք չի կարող իր ասածը չանել:
Խողովակների տեղափոխության ժամանակ ոստիկանությունը բռնել է մեզ, ու արդեն 4 ամիս է խողովակները ոստիկանության Վարդենիսի բաժնի մոտ են, ու ո՛չ դատում են ինձ, ո՛չ էլ թողնում են իմ ապրանքը տանեմ, բոլոր փաստաթղթերը սեփականության վկայականները ներկայացրել եմ քննիչներին, կա՛մ պետք է կարճեն կա՛մ պետք է ինձ կալանավորեն. չեն անում ոչինչ»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ պարզելու, թե ինչու է խոչընդոտում քաղաքացու սեփականության տեղաշարժին: Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը հայտնեց. «Մեկ բառով կարող եմ ասել՝ ստախոսություն է: Եթե որեւէ մեկը փորձում է համայնքի վարչական տարածքում որեւէ աշխատանք իրականացնել, նկատի ունեմ՝ քանդման, վերակառուցման, պետք է դիմի համայնքապետարան ու ստանա համապատասխան թույլտվությունը եւ իրականացնի, երբ մարդը չի դիմում ու չունի թույլտվություն եւ իրականացնում է, համայանքապետարանի կողմից վարույթ է գործադրվում, ու այս ամենից հետո նա շարունակում է այդ գործողությունները, դիմում են ոստիկանություն, ու ոստիկանությունն է միջամտում տվյալ աշխատանքները կանխելուն: Հիմա այդպիսի իրավիճակ է ստեղծվել:
Այսինքն, մարդը, չունենալով քանդման թույլտվություն, իրականացրել է այդ աշխատանքները ու դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ: Դրանից հետո մարդիկ դիմել են թույլտվություններ ստանալու համար, ու համայնքապետարանը պահանջել է իրենցից սեփականության վկայական ներկայացնել, որ դա իրենց սեփականությունն է, բայց որեւէ մեկը մինչեւ այսօր սեփականության վկայական չի ներկայացրել ո’չ համայնքապետարան ո’չ որեւէ այլ մարմին, որպեսզի որոշում կայացվի»,- պարզաբանեց մարզպետը:
Երբ մարզպետին փոխանցեցինք բնակիչներից շատերի դժգոհությունը, որ նոր «Լիսկա» է հայտնվել Գեղարքունիքի մարզում, անպատժելիություն է, մարզպետը զայրացավ՝ «եթե արդար են, թող գան ասեն, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել այդ ՀԷԿ-ը կառուցելուց առաջ: Եթե քաղաքացին պնդում է, թե սեփականության վկայական ունի, թող որ այն փոխանցի ձեր լրատվամիջոցին»: Տեղեկացնենք, որ քաղաքացու համապատասխան տարածքի սեփականության վկայականը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է. սպասում ենք մարզպետի կողմից հարցի արդարացի լուծման»։
«Հրապարակ» թերթը գրում է.Երեւանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային պատմություն: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»: Ապա բացատրել է, որ ինքը փորձում է աշխարհի քաղաքացիներ պատրաստել, այլ ոչ թե հայ կրթել, որը մի օր էլ կարող է երազել «Ծովից ծով Հայաստանի» կամ Արցախը հետ բերելու մասին: