25.11.2024
Հայաստանը զորավարժություններ է անցկացնում ԱՄՆ-ի հետ՝ անտեսելով ՀԱՊԿ-ը
prev Նախորդ նորություն

Երևանում ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:


Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:


Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև ​​կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։


Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը:


Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:


Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։


Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով:


Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում: