22.11.2024
Ուկրաինական հեղաշրջման աջակիցը ժամանում է Հարավային Կովկաս
prev Նախորդ նորություն

Սառույցը հալվում է. կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանդիպման նախաձեռնողը Դաշնակցությունն է:

ՀՅԴ-ից հաստատեցին լուրը, որ նման հանդիպում եղել է։ Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։ Կուսակցությունն այս օրերին քայլեր է ձեռնարկել լարված իրավիճակը հանդարտեցնելու նպատակով։ ԲՀԿ-ականերից եւ ոչ մեկի հետ այս պահին կապ հաստատել չի հաջողվում հանդիպման մասին մանրամասներ ճշտելու համար:

Հանդիպման մասին լուր հաստատել է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է և սառույցը հալվում է»,- տեղեկացրել է Ռուստամյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Փետրվարի 16-ի գեիշերը միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը:

Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը հասցրել էին լքել համանուն խմբակցության պատգամավորներ Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը և Գրիգորի Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է Ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայմում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:

Ծռաուկյանն իր պատասխան ելույթում նշել էր, որ ընդունում է իրեն ուղղած մարտահրավերը և հայտարարում «համաժողովրդական մոբիլիզացիա» հասնելու համար Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Ազգային ժողովում արդեն սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց, ուսումնասիրվում են վերջինիս բացակայությունները ԱԺ նիստերին:

Ըստ մամուլի տարածած տեղեկատվության՝ «զինաթափվել է Ծառուկյանի թիկնազորը»: Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն: