VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։ ՔՊ-ում հակված են այդ պաշտոնում նշանակելու իշխանական պատգամավորի, եւ կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի անունները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հերիքնազ Տիգրանյանը եւ Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր եւ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլեւս չդիտարկել իրենց թեկնածությունները։ Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը եւս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։ Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հեռանալուց հետո եւս ՔՊ-ում իրարանցում էր, խմբակցության պատգամավորները չէին ցանկանում գնալ գործադիր եւ աշխատել այնտեղ։ Վերջում Գեւորգ Պապոյանն ինքն էլ մասնավոր զրույցներում խոստովանում էր, որ ստիպված է ընդունել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենց կոմֆորտ են զգում օրենսդիրում եւ խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա առերեսումներից, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե Փաշինյանի անկայուն ու փոփոխական բնավորության պատճառով որքան բարդ է նրա հետ աշխատելը»։
«Հրապարակը» գրում է․ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հարցաքննության է կանչվել Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը` Հովիկ Փարսյանը, որը, ըստ քննիչների, այդ բուհի սան լինելով, չի հաճախել դասերի, բայց հայտնի միջոցներով գնահատականներ է ստացել: Գեւորգ Փարսյանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հերքեց դա՝ վստահեցնելով, որ եղբայրը նորմալ հաճախում է։ Հարցաքննության է կանչվել նաեւ ուսանող Վահե Պետրոսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է, Կապանում հայտնի է որպես Սոկոյի Վահե` շինարարական բիզնեսով է զբաղվում։
Ի դեպ, երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին, սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ։ Լեռնիկ Պետրոսյանն անցած շաբաթ օրվանից է կալանավորված, նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու եւ պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: 2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երեւանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց»։
«Հրապարակը» գրում է․ Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը ծախսում այդ փողերը. հաճույքների, յուրայիններին պետպատվեր իջեցնելու, փառատոններ կազմակերպելու: Մեկ օրինակ բերենք` Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մեկնել էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Քաղաքապետարանից ասացին, որ եռօրյա այցի վրա 5 միլիոն 228 հազար դրամ է ծախսվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է` իր անվայել պահվածքով։ Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է․ «Ով ձեզ կասի, որ ձեր հացն արյունով եք ուտում, գլուխը պատին կտա»: Իրենց ղեկավարի խոսքից ոգեւորված՝ ոստիկաններն էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Սրբազանի հասցեին: Ոստիկանապետի լկտիությունը սրանով չի ավարտվել, երբ Սրբազանն ու նրան ուղեկցողներն իրենից առաջ են անցել, կողքինների համար լսելի ձայնով նետել է․ «Գնա, այ համբալ»։ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը: Արձանագրենք, որ մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարեց. «Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը»։ Իրականում սկզբնական փուլում իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին սահմանային դիրքեր։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծանացան, ոստիկանների ուժը արդեն սկսեցին օգտագործել երկրի ներսում՝ քաղաքացիներին բառի բուն իմաստով «ջարդուփշուր» անելու համար։ Խոստման կեղծ լինելու առաջին աղմկոտ դեպքը գրանցվեց 2019 թվականին Իջեւանում, երբ Փաշինյանի մի խումբ համագյուղացիներ որոշել էին ծառահատում անել: Արդյունքում բախումներ եւ ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների եւ քաղաքացիերի միջեւ: Հոսպիտալացվել էին տուժած քաղաքացիներ:
Հետագայում, տարբեր բողոքի ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ, հանրությունը, ականատես եղավ ոստիկանների, տարատեսակ սեւ եւ կարմիր բերետավորների կողմից բռնության աննախադեպ դեպքերի: Ուղեղի ցնցում, մարմնական վնասվածքներ, տարբեր մարմնամասերի կոտրվածքներ, անգամ պատգամավորի քթի կոտրվածք, բերետավորների կողմից վայրի կերպով խմբակային ծեծ՝ ավտոմեքենայի մեջ: Շարքը կարելի է շարունակել՝ նշելով թե ինչ վնասվածքներ են հասցրել ոստիկանները իրենց «օրինաչափ» գործողություններով:
Այս ընթացքում, սակայն, ոստիկանները հասցրել էին այլ աննախադեպ բան էլ անել՝ ծեծել փաստաբանների: Այս տարվա սկզբին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին:
Ոստիկանները նաեւ պատգամավորների ծեծեցին, մարդիկ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառված միջոցների հետեւանքով հաշմանդամ դարձան:
Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի փաթեթով այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ներքին գործերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականցնելու: Նրանց պաշտպանության գործառույցը սահմանը չի ներառելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց»։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։ «Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման շրջանակում ապահովելու է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մասնակցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընտրված մանկավարժների (ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենների տեղակալներ, խմբակավարներ) պարգեւատրում»-ը:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է. «Միջոցառման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում ընդհանուր առմամբ 80 անձի համար ապահովել՝
. աթոռներ
. ֆուրշետ ծառայություն
. կանապեներ՝ մսային, աղցանային, բեկոնով, պանրով, հավով եւ բանջարեղենով
. թխվածքի տեսականի՝ կրեմային եւ ոչ կրեմային, բնական հյութեր, հանքային ջուր, աղբյուրի ջուր, լայմով եւ անանուխով զովացուցիչ ըմպելիք, գինի, միրգ, սուրճ, կոկտեյլի 6 սեղաններ՝ ձգվող սփռոցով, սառույցի ամաններ, աղբի համար նախատեսված տարաներ, 4 մատուցող, երկու հավաքարար»։
Միջոցառումն ուղեկցվելու է դասական երաժշտության ստեղծագործությունների կատարմամբ եւ տեւելու է առնվազն 2 ժամ։
Մատակարարը պետք է ապահովի. «70 փունջ ծաղիկ, յուրաքանչյուր փնջում՝ 11 վարդ ծաղիկներ. բացառապես թարմ, բնական վարդեր, տեսակը՝ հոլանդական կամ համարժեք, ծաղկի գլուխը (կոկոնը)՝ առնվազն 7 սմ տրամագծով, բարձրությունը՝ առնվազն 7 սմ, ցողունի երկարությունը՝ առնվազն 70 սմ, դեկորացիայի համար նախատեսված ժապավենով փնջավորված: Փնջերում ծաղիկների գույնը եւ փաթեթավորման ձեւը նախապես համաձայնեցնել հանրակրթության վարչության հետ»:
Երեւանի քաղաքապետարանը շռայլ է գտնվել եւ բոլոր մանկավարժների համար խրախուսական նվեր է պատրաստել։
Այսպիսով՝ «թվով 70 մանկավարժներին տրամադրել դրամական պարգեւատրում.
. բանկային նվեր քարտ 100.000-ական դրամով՝ թվով 26 մանկավարժներին
. թվով 27 մանկավարժներին բանկային նվեր քարտ՝ 150.000-ական դրամով
. եւ 17 մանկավարժներին՝ 200.000-ական դրամով»:
«Պրոմո Պիար» ՍՊԸ-ի դեմ, որը հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը եւ անհրաժեշտ ծառայությունների մատակարարը, կիրառվել են սահմանափակումներ՝ համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի։
Տեղեկացնենք, որ ընկերության 100% բաժնետերը Արա Սիմոնյանն է, որի նկատմամբ ՀՀ ՊԵԿ-ը կիրառել է վարչական տույժ, քանի որ «ՀՀ եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ սահմանված ժամկետում չի ներկայացրել 02.09.2019-ին եւ 08.09.2019-ին կատարած ներմուծումների վերաբերյալ ներմուծման հարկային հայտարարագրերը եւ հայտարարությունները, ինչի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել։
Համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Արա Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նշանակել տուգանք 10 հազար դրամի չափով»։