23.11.2024
Տնտեսական ինտեգրացիայի տասնամյակը. ի՞նչ է տվել ԵԱՏՄ-ն Հայաստանին
prev Նախորդ նորություն

Իշխանությունը նորից Սամվել Բաբայանին խաղի մեջ է մտցրել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։ Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 տասնյակ աջակիցներ երեկ բողոքի ակցիա էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով լուծել վտարանդի արցախցիների սոցիալական խնդիրները, բողոքում էին, թե ԱՀ քաղաքական ղեկավարությունը չի զբաղվում այդ խնդիրներով, պետք է մի կառույց ձեւավորել՝ Բաբայանին նշանակել ղեկավար, որ այդ խնդիրները լուծվեն, օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ոչ թե 3-ական միլիոն տրամադրեն, այլ Բաբայանի ծրագրով՝ 7 մլն։ Մինչդեռ այս հարցերի հասցեատերը ոչ թե Արցախի ներկայացուցչությունն է, այլ՝ ՀՀ կառավարությունը, որը մերժեց ԱՀ իշխանությունների՝ 1 շնչին 5 մլն դրամ տալու նախագիծը։


Իսկ զավեշտն այն էր, որ Բաբայանի կողմնակիցներն Արցախի քաղաքական վերնախավին սպառնում էին ջրի երես հանել թալանը, պահանջում էին, որ Արցախի ներդրումային հիմնադրամի մասով քննիչ հանձնաժողով ստեղծվի: Հիշենք, որ բլոկադայի ժամանակ հենց Բաբայանի կուսակիցներն են ԱԺ-ում տապալել ընդդիմության նույն նախաձեռնությունը։ Իրականում, Բաբայանը փորձում է արցախցիներից ձեւավորել ՀԿ՝ անիմաստ դարձնելով Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, սակայն դա չի ստացվում․ երեկվա հավաքը սակավամարդ էր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։


Ստորագրահավաք նախաձեռնողներն էլ, որպես պատճառ, նշել են նախարարի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնը։ Ներկա ՔՊ-ականները, սակայն, ասել են, որ Գրիգոր Մինասյանն արդեն երկու տարի է պաշտոնավարում է, ու ամենեւին նորություն չէ, որ Միքայել Մինասյանի եղբայրն է. ուստի չի կարող դա պաշտոնանկության համար լուրջ հիմք ընդունվել, ավելին՝ կարող է ծիծաղելի դիտարկվել։


Անդրանիկ Քոչարյանն էլ այդ պահին հանկարծ թիմակիցների մոտ հայտարարել է, թե Գրիգոր Մինասյանը Բեռլինում բնակարան է ձեռք բերել, ու թիմակիցներին վստահեցրել է, որ կոռուպցիոն միջոցներով է դա եղել, սակայն դարձյալ չի հիմնավորել իր ասածը։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հակադարձել են, որ պետք չէ «օդում խոսել», գոյություն ունի իրավապահ համակարգ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թող դիմեն, եթե իսկապես ապացուցվի, որ նախարարը կոռուպցիոն միջոցներով է բնակարան ձեռք բերել, կամ բերել է իսկապես, ապա իրավապահներն արդեն այդ հարցով կզբաղվեն։


Կարճ ասած՝ նախարարի պաշտոնանկության մասով ներիշխանական խարդավանքները դեռ շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հիմնավորումների է սպասում: Հավելենք նաեւ, որ երեկ՝ երեկոյան, ԱԺ քառօրյա նիստից առաջ ՔՊ խմբակցության նիստ է հրավիրվել, որի ժամանակ Արփի Դավոյանը դիմել է Հայկ Կոնջորյանին՝ տեղեկանալու՝ արդյոք կա նորություն ստորագրահավաքի փաստաթղթերից, Կոնջորյանն արձագանքել է, որ փաստաթղթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, ու հաջորդ քայլը կքննարկեն արդեն վարչությունում: Այժմ սպասում են պատասխանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ական պատգամավորների հավաքած ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են։ Երեկ այս մասին նրանց տեղեկացրել է ՔՊ խմբակցության վերնախավը՝ խմբակցության նիստի ընթացքում։ 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել նախաձեռնությանը։ Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերեւս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։ Այսպիսով, այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է` նրանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ ՔՊ-ական մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանը նախարարից ազատվելու որոշում չի կայացնի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ սերտ հարաբերություններ պահելով, պարբերաբար Նիկոլ Փաշինյանի մոտ «բոչկա է գլորում» տարբեր քպականների, հատկապես պաշտոնյաների դեմ՝ փորձելով սրել վարչապետի ու նրանց հարաբերությունները: Մեր տեղեկություններով, այդ «խմբակին» հաջողվել է հավաքել բավարար ստորագրություն` պահանջելու համար Մինասյանի պաշտոնանկությունը։


Նույն աղբյուրները փոխանցում են, որ այս «խմբակի» հաջորդ թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որի դեմ հիմա ինտենսիվ պրոցեսներ են գեներացվում: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այս ամենի հիմնական պատճառը ինչ-ինչ անձնական հարցերով դիմելն ու Ավինյանից մերժում ստանալն է։ Մեր զրուցակիցները նշում են մի քանի անուններ՝ Անդրանիկ Քոչարյան, Արփի Դավոյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան և այլն: Մեր տեղեկություններով, հենց խմբակցության և կուսակցության ներսում բառիս բուն իմաստով, մեղմ ասած, հոգնել են այս «խմբակից»: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան քպականներ նեղ շրջանակներում ոչ մեկ անգամ ի ցույց են դրել իրենց զայրույթը՝ ակնարկելով, թե «դրանք չեն մարսելու»: Մասնավորաբար Տիգրան Ավինյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել»: Կուսակցությունում խոսում են, որ վերջինս, ի տարբերություն վաղաժամ հեռացող Մինասյանի, լայն փորձ ունի նմանատիպ և նույնիսկ ավելի ծանր իրավիճակներից դուրս գալու և նույնիսկ սեփական խարդավանքներն իրացնելու։ Այնպես որ, չի բացառվում՝ նշյալ պատգամավորների քայլերն ու խաղերը, ի վերջո, բումերանգի էֆեկտ ունենան:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեկ տարի առաջ էլ ստորագրություններ էր հավաքում «Հայաքվեն»` փորձելով Արցախի հետ կապված օրինագիծ մտցնել ԱԺ: Հիմա ստորագրություններ է հավաքում եվրոպամետների թիմը: «Եվրաքվեն», հիշեցնենք, ուղղված է Եվրոպական Միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն: Բայց եթե «Հայաքվեն» ստորագրահավաք էր անում օրենքի տառին համապատասխան` միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում, ապա «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաեւ հանգստյան օրերին: Վարչական շրջանների աշխատակազմը, փաստորեն, իր հանգստյան օրերին աշխատանքի է գնում, որ ստորագրահավաքը սահուն ընթանա: Իսկ նրանք «բարեգործնե՞ր» են, թե՞ վարձատրվելու են հավելյալ աշխատանքի դիմաց, ոչ ոք չգիտի:


 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են քննություն։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների կողմից ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմեց նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնեցին. «Ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։  Ստացվում է, որ պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ՊՆ՝ մեկնաբանության համար, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի՝ Կարեն Հակոբյանին առավելագույն հնարավոր ժամկետով՝ երկու ամսով կալանավորելու, վերջինիս փաստաբանական թիմի որակմամբ, ակնհայտ անհիմն որոշման դեմ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին մուտք է արվել հատուկ վերանայման բողոք:


Ուշագրավ է, որ մինչ օրս, այսինքն՝ 7 օր անց, առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը: «Փաստի» հետ զրույցում Հակոբյանի փաստաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նշված քրեական վարույթի մի շարք հանգամանքներ հրապարակային եղանակով քանիցս ներկայացվել են, այդ թվում՝ ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության միջոցով, և, չնայած այդ ամենին, գործարար Կարեն Հակոբյանը մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ: Ըստ փաստաբանների, նշված հանգամանքներն ինքնին կալանքը որպես խափանման միջոց ընտրելը բացառելու հիմքեր են: Ավելին, գործարարի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով, որ ներկայացվել է պաշտպանության կողմին: Մյուս կողմից՝ մասնավոր ընկերության կորպորատիվ գործունեության քրեականացման տարրերը խիստ վտանգավոր են:


Չնայած նշված հանգամանքներին, նույնիսկ այն պայմաններում, որ ներկայացվել էր նաև կալանքին որպես այլընտրանք մի շարք խափանման միջոցների միաժամանակյա և համակցված կիրառելու միջնորդություն, դրանք անտեսվել էին դատարանի կողմից: Փաստաբանները նշում են, որ ներկայացված և մի շարք այլ հանգամանքների, հիմնավորումների վերաբերյալ հստակ դիրքորոշումները ներկայացվել են վերաքննիչ ատյանին, որոնց վերաբերյալ խոստանում են առաջիկայում տրամադրել հավել յալ տեղեկություն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թ․-ի հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար, մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»: Մինչդեռ իրականում Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը։ 2021 թ․-ի փետրվարի 9-ին ԱԺ ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։ Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։ Փաշինյանը նորից խաբեց»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։ Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձեւաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երեւան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երեւանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:


Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երեւան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։ Տվյալները «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է պաշտոնական աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երեւանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը եւ նորը տեղադրելն ավելի էժան գործողություններ են, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։ Եվ այստեղ է, որ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի աշխատանքն իր «հմայքով» առաջ է գալիս. կանաչապատումը պակաս կարեւոր է քաղաքում, քան երգ-երաժշտության աներեւույթ ելեւէջները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ազգային հպարտության հանրային տրիբունալ՝ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։


Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է որպես արտակարգ դատարան՝ քննելու Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներն ու հանցագործությունները, և արդեն իսկ մի քանի որոշումներ է կայացրել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերաբերյալ: Նախ՝ նշվում է, որ «Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման»։


Ներկայացնելով մի շարք փաստեր՝ Տրիբունալը միաձայն որոշումներ է կայացրել, մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, ինչպես նաև համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։ Տրիբունալը նաև կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝ կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն կրթության եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն արդեն քննարկման է դրված, նախատեսվում է, որ բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան: Համապատասխան որակավորում ասվածը, այլ կերպ ասած, նշանակում է, որ ապագայում բուհերում դեկան կամ ամբիոնների վարիչ կարող են ընտրվել նաեւ գիտական աստիճան չունեցող անձինք: Սա լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, քանի որ պարզ է, թե ինչ կոնտինգենտ են համալրելու համալսարանների համար այս չափազանց կարեւոր պաշտոնները: Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները: Ամենուր հեշտացրին անփորձ ու անգրագետ ՔՊ-ականներին ցանկացած պաշտոնի նշանակելու գործը: