25.11.2024
Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզում կառուցվող «Նորավան» ենթակայան
prev Նախորդ նորություն

Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։ 


«Արմենպրեսի»-ի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիոթվ ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։


«Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, եւ այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով», - ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարեւորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում տեղի բնակչության համար։


Ստանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, եւ որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար: Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիեւի խոսքերին, ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին եւ հիշեցրել Հայաստանի ինքնիշխան երկիր լինելու մասին։ 


«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունը իր գործընկերների հետ ազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը», - ասել է Պետեր Ստանոն եւ կրկին ընդգծել, որ ԵՄ-ի 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար:


Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։ «Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ:


Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է և ոչ հարձակողական», - նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ  ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։ Ստանոն ադրբեջանական իշխանություններին հիշեցրել է, որ ԵՄ-ն նաեւ մեծացրել է իր աջակցությունն՝ ուղղված Ադրբեջանի անվտանգությանն ու դիմադրողականությանը:


«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները Ադրբեջանում ականազերծման ոլորտում առաջին միջազգային դոնորն են՝ 2020 թվականից ի վեր տրամադրելով մոտ 13 միլիոն եվրո: Վերջերս Եվրահանձնաժողովը հայտարարեց 2024-2025 թվականների համար 10 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն», - նշել է ԵՄ խոսնակը։