Հայաստանի տարածքի մեջ ադրբեջանական հանցանքների նոր փաստեր
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի տարածքի մեջ ադրբեջանական հանցանքների նոր փաստեր է ներկայացրել [Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ].
1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։
Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։
2. Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։
3. Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։
4. Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:
Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված տեղում կատարվեց հետազոտություն։
Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։
Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։
5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։
6. Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։
7. Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։
Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։