Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Հակոբ Ասլանյանը:
Հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի հետ: Քննարկվել են հանրակրթության, բարձրագույն եւ մասնագիտական կրթության ու գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը, երիտասարդների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:
ԱԺ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարի տեղակալ Նոդար Պապուկաշվիլիի հետ: Երկուստեք կարեւորվել է ոլորտային համագործակցությունը, քննարկվել են գիտության եւ երիտասարդական քաղաքականության բնագավառներում փոխգործակցության հեռանկարները, համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորությունները: Առանձնահատուկ կարեւորվել են դպրոցաշինությունը, տարածաշրջանային լեզուների, մասնավորապես` վրացերենի եւ հայերենի ուսուցումը:
Այցի շրջանակում գումարվելու է Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական եւ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը: