VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, իսկ կեսօրին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի հոգեւոր առաջնորդը պատարագ կմատուցի։ Երեկ երեկոյան էլ Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել եւ «Տոների ու հիշատակի մասին» օրենքում փոփոխություն իրականացրել՝ սեպտեմբերի 19-ը հռչակելով Արցախցիների ցեղասպանության օր։ Չի բացառվում, որ ինքնաբուխ ակցիաներ էլ իրականացվեն։
Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։ Իսկ երեկ տարածված հաղորդագրությամբ, որով «ավետում» էին, որ «իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» են բացահայտել եւ 7 անձի մեղադրանք առաջադրել, դարձյալ մի ստոր նախադասություն էին գրել` «ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ս.-ն»: Իսկ ինչո՞ւ չեք գրում, ասենք, նախկին ՍՍՀՄ քաղաքացիներ կամ` Սյունիքի մարզի, Գեղարքունիքի բնակիչներ: Սա արցախցի-հայաստանցի պառակտողական քաղաքականության դրսեւորում է` արցախցիների դեմ թշնամանք սերմանելու հստակ մտադրությամբ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել ու այդ ամենը՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, պարզ ասած՝ զինված հեղաշրջում անելու համար:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:
Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»: Կրկնում ենք՝ չգիտենք՝ եղե՞լ է նման խումբ, կապացուցվի՞, որ իրենց վերագրվող մտադրություններ են ունեցել ու գործողություններ արել, ի վերջո, գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Բայց արդեն իսկ հատուկ շեշտված են վերը նշված «մանրամասնությունները»: Տարբեր այլ գործերի պարագայում ՔԿ-ն չի շեշտում, չէ՞, որ այսինչ հանցանքի մեջ մեղադրվող այսինչը այս կամ այն բնակավայրի բնակիչ է, եթե կատարված հանցանքը ուղղակի կապ չունի տվ յալ տարածքի հետ: Իսկ այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ...»: Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ՝ երեկ ամբողջ օրը թմբկահարելով, թե՝ տեսեք, ռուսական ռուբլի, Ռուսաստանի Դաշնություն, Ղարաբաղ: Հա, ի դեպ, ի՞նչ կա այն «ԳՈՐԾԻ» քննությունից, որով պետք է պարզվի, թե Արցախի Հանրապետության բնակիչներն այդ ինչո՞ւ են դարձել «նախկին բնակիչ»...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետեւանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, եւ շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն: Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախ, ապօրինի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներ եւ քաղաքացիներ թշնամու բանտերում, ապագայի հույս փնտրող, իրենց հանապազօրյա հացի համար պայքարող ու հայրենիքի կարոտով ապրող արցախցիներ:
Գրեթե ամեն օր տեղահանված արցախցիները Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվում, փորձում են իրենց սննդի, կեցության կամ այլ տարրական հարցեր լուծել եւ ապագայի համար երաշխիքներ ստանալ: Հայաստանի իշխանությունները, սակայն, Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները, Արցախի իշխանություններին ճնշումների միջոցով չեզոքացնում են, իսկ տեղահանված արցախցիներին ստիպում են մոռանալ ինքնությունը եւ ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե ցանկանում են գոյատեւել այստեղ: Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ եւ նախապատրաստվում է սեպտեմբերի 22-ի հավաքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անգամ նեղ շրջապատում՝ Սրբազան շարժման համակարգող խորհրդում, չի բացում փակագծերը իր առաջիկա անելիքների մասով։ Կարեն Բեքարյանի ղեկավարած խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդարանական երկու ուժերից եւ մի քանի արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Արցախի քաղաքական դաշտից երկու ներկայացուցիչ: Խորհուրդը պարբերաբար հավաքներ է կազմակերպում, սակայն սրբազանը հիմնականում լսողի դերում է: Նա չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը՝ շարժման մարտավարության եւ անելիքների մասին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Համալիրում մոտ տասը հազարանոց մեծ դահլիճը մեկ օրով վարձակալելու համար 10 մլն դրամ են վճարել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը եւ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։ Օրինակ, որ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։ Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել: Եվ քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, եւ արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ: ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով: Խոսենք փաստերով: Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:
Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել եւ դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:
2024 թ. սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ դեռեւս ինքնությունները չպարզված չորս մասնակից BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են ամերիկահայ բիզնեսմենի կնոջը։ Ժամը 12:00-ի սահմաններում նրանցից երկուսը, ՀՀ «ԱԱԾ» գրառմամբ հագուստներով եւ դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ մոտեցել են Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը, եւ ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն:
2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», որին սպանողների մեքենայի տարածքում հայտնաբերվել էր ոստիկանության զրահաբաճկոն: Այս իրավիճակը թերեւս վտանգավոր է այն տեսանկյունից, որ հանցագործները ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում, ու քաղաքացիները վստահ լինելով, թե իրավապահներ են, ենթարկվում են նրանց պահանջներին: Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին. մեղսագործները նրանց համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են նախապատրաստում, իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում նախապես կանխել դրանք»:
«Փաստ» օրաթերթը գրում է. COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային (UNFCCC), պարտավորվել են կամավոր գործողություններ ձեռնարկել՝ «կլիմայական համակարգին մարդածին վտանգավոր միջամտությունը» կանխելու համար։
Սակայն նույնիսկ միջազգային շատ հայտնի լրատվամիջոցներ ու կազմակերպություններ առնվազն զավեշտալի են համարում, որ 29-րդ COP-ն անցկացվելու է Ադրբեջանում՝ նավթ և գազ արտահանող երկրում, որտեղ անգամ աղբը չի տեսակավորվում, որտեղ ջերմոցային գազերի արտանետման մակարդակը տարեցտարի աճում է՝ անցնելով հնարավոր բոլոր վտանգավոր սահմանները։ Ընդհանրապես, նշվում է, որ Ադրբեջանը վերածվել է բնապահպանական աղետի ամբողջ տարածաշրջանի համար:
Դա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին, իրավապաշտպաններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է այդ համաժողովի օգնությամբ «սպիտակեցնել» իր հեղինակությունը։ Օրինակ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը Ադրբեջանում կլիմայական կոնֆերանսի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանել։ Իրավապաշտպանները նշում են, որ այդ երկիրը կլիմայի նկատմամբ անբարյացակամ է, արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը, իսկ միջոցառման նախագահը կլինի մի մարդ, որը նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական նավթային ընկերությունում։ Եվ ընդհանրապես, Ադրբեջանի բնապահպանական իրավիճակը շատերի շրջանում է հարցեր առաջացնում: Ի դեպ, կան տեղեկություններ, որ համաժողովին ընդառաջ Ադրբեջանում ու մասնավորաբար Բաքվում այնպիսի սահմանափակումներ են նախատեսվում, ինչպիսին չի եղել նույնիսկ «կովիդի» համաճարակի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա հայտարարեց, որ դադարեցնում է իր ֆուտբոլային գործունեությունը եւ վաճառքի է հանում թիմը։ Իր խոսքում գործարարը մեղադրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ իրեն այդ քայլին դրդելու համար։ Բացի ֆուտբոլի ու ՀՀ-ի համար իմիջային ողբերգություն լինելուց, այս իրողությունը նաեւ գալիս է փաստելու, որ գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տապալում է նաեւ այս ոլորտը։
ՀՖՖ-ն դարձել է ՔՊ-ականների բիզնես միջավայր. մամուլը բազմիցս գրել է, որ այնտեղ ֆինանսական հետաքրքրություններ ունեն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի կոռուպցիոներ պաշտոնյայի համբավ ստացած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, եւ հաճախ ՀՖՖ-ի հետ արտասահմանյան գործուղումների մեջ կարելի է տեսնել նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ու այլոց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, մեղմ ասած, փաստել են, որ այս ՔՊ-ականներն են իրականացնում ֆեդերացիայի կողմից պատվիրված շինարարությունները:
Վերջին դեպքը «ՆՈԱ» ակումբի միջազգային խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկումն էր, իսկ այդ ենթակառուցվածքի շինարարությունը, ըստ լրագրողական հետաքննության, կապված էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շրջապատի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ֆուտբոլի ակադեմիայի սաունան ու լողավազանը օգտագործվել են ՔՊ-ական հավաքների համար, ինչի մասին գրվել է վաղուց։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել իր աջակցությամբ ընտրված Արմեն Մելիքբեկյանին, ում օրոք հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում. բոլոր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, իսկ ազգային թիմը կրում է պարտություն պարտության հետեւից. դե իսկ եզակի հաղթանակներն ընկալվում են որպես բացառություն։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարում է, որ մեր հավաքականը խոշոր մրցաշարում մեդալակիր է դառնալու: Իհա՛րկե, դառնալու է, բայց ո՛չ այսպիսի ագահության, անհայրենասիրության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից՝ «Լոռի», «Նորավանք», «Գանձասար» (վերջինս այս տարի վերադարձավ ճնշումների շնորհիվ): Հիշեցնենք նաեւ, որ «Սեւան» ակումբի սեփականատերը նույնանման խնդրի պատճառով տեղափոխվեց ու ներդրումներ արեց վրացական ֆուտբոլում։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում, որ սեզոնի ավարտից հետո ՀՖՖ-ի քայլերի պատճառով ֆուտբոլից դուրս գալու մասին հայտարարելու են եւս երկու ակումբներ, որոնց թիվը կարող է ավելանալ։ Ակումբային ֆուտբոլը Հայաստանում եկամտաբեր չէ, ու այն պահվում է գործարարների միջոցներով, ըստ որոշ տեղեկությունների՝ թիմ պահելը Հայաստանում տատանվում է տարեկան 1 մլն դոլարից մինչեւ 7-8 մլն, սակայն ֆուտբոլը նախ աշխատանք է երիտասարդների հետ, ժամանց՝ հասարակության լայն շերտերի համար ու պետության հեղինակություն։ Տարօրինակ է, որ ֆուտբոլի գահավիժմանը չեն արձագանքում ֆանակումբները, որոնք Ռուբեն Հայրապետյանի ժամանակ շատ «ակտիվ ու հայրենասեր» էին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «100 տոկոսով համոզված եմ՝ գիտեք, բայց էլի ուզում եմ կրկնել՝ ձկնապաշարի պաշտպանության համար ինչ-որ պետությունն անում է, մեկ է՝ էլի ձեզ համար է անում, մեկ է՝ էլի ձերն է։ Որեւէ մեկը ուրիշ տեղից չի գալիս, փառք Աստծո, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը, գա քիթը խոթի էնտեղ, որ ուրիշի հացը փախցնի»։ Սակայն իրականում 20․12․2023թ․ Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է եւ արգելել ձկան որսը՝ իրենց կտրելով հացից։ «Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ սովամահ անել», – ասում էին նրանք։ Ակցիայից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ծեծկռտուք ձկնորսների եւ պարեկների միջեւ, որի ընթացքում շուրջ 30 ձկնորս ձերբակալված էր»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր սեպտեմբերմեկյան ուղերձում հպարտորեն նշել է, որ հատկապես ուրախալի է Սիսիանի մասնաճյուղ ընդունված ուսանողների թվի էական աճը՝ 41 տոկոս (120 ուսանող)։ Նախ նշենք, որ իրականում խոսքը Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրի, այսինքն՝ քոլեջ դիմողների մասին է, սակայն մեզ ասացին, որ անցած տարի ընդունվել է 95 հոգի: Թե ինչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս, թերեւս կիմանա միայն ինքը: Որովհետեւ տարրական հանրահաշիվ իմացողները տոկոսային աճը հաշվելիս ստանում են 26,3 տոկոս, այլ ոչ թե 41 տոկոս աճ: