VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ամառային արձակուրդներից հետո իշխանության եւ ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված:
Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, թե ինչու սահմանազատման կանոնակարգում քարտեզ չեք նշել, ասենք` 75 թվականի քարտեզը, որ Ադրբեջանը նոր քարտեզով գա ու նոր պահանջնե՞ր ներկայացնի: Արթուր Խաչատրյանի հարցի մեջ մի թեթեւ անդրադարձ կար սահմանազատման թեմային, սակայն, մեծ հաշվով, իշխանությանը պատին դեմ չտվեցին՝ սահմանազատման նման փաստաթուղթ ստորագրելու եւ պետությունը նոր զիջումների տանելու համար։ Մի քիչ Փաշինյանին նեղեց Ագնեսա Խամոյանը` կրիմինալ իրավիճակի ու Նալբանդյան գյուղում սպանության համար, եւ վերջ: Բայց երկուստեք ավելի մեղմ էին հռետորաբանությունն ու լեքսիկոնը: Դիցուք, Լեւոն Քոչարյանը նախկինի պես Նիկոլ Փաշինյանին «կառավարության գլուխ» չանվանեց, այլ նրա մասին խոսելիս «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ասաց։ Իսկ Փաշինյանն էլ ամբիոնից ոչինչ «թափ չտվեց» եւ ոչ մի հիստերիկ ու գռեհիկ պիտակ չօգտագործեց:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ, որոնց «դաբրո» է տվել, որ ընտրվեն այդ պաշտոններում։ Դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը, ՔՊ-ն երկուսին էլ մերժեց: Իսկ երեկ միաձայն հավանություն են տվել Կենտրոնի նախկին թաղապետ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։ Թե որքանով Պողոսյանը կապ ունի ՀՌՀ ոլորտի հետ, պարզվում է՝ նա հիմնավորել է, թե ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում հենց այդ՝ կապի եւ տիեզերական ոլորտն է համակարգել։
Ի դեպ, մինչ 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը 2019-ին նշանակվեց թաղապետ, 22-ին՝ փոխնախարար, իսկ 24-ի հուլիսին ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից՝ մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեեւ նա հերքում էր այդ լուրերը: ԿԲ անդամի թափուր պաշտոնում կրկին առաջադրվել է Լեւոն Սահակյանը, ով 22-ին ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ՝ 2 տարով։ Այժմ ժամկետը լրացել է, ուզում են երկարացնել։ Սահակյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր՝ մինչ ԿԲ գնալը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ոչ ոքի ձեռքից բիզնես չի խլվելու, նկատի ուներ՝ ոչ թե չի խլվելու, այլ այնպես է արվելու, որ տնտեսվարողը ստիպված իր բիզնեսի մի մասը նվիրի կառավարությանը։ 2021 թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի նոր բաժնետեր՝ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոն։ Պարզվեց, որ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Տեղեկացնենք, որ 2023 թվականի վերջին միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոն իր բաժնետոմսերի 69%-ը վաճառել է AEON Infrastructure Corporation հոլդինգային խմբում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան բիզնես դաշտ մտնելուց հետո` Տրոցենկոյին պատկանող ընկերության բոլոր անուղղակի բաժնետոմսերն օտարվել են Սվետլանա Էրշովային։ Մինչդեռ պարզ էր դարձել, որ Սվետլանա Էրշովան միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ ձեւական գործարք է եղել: Թվում է, որ ամեն բան կարգին է, սակայն Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունը հայտնվել է ռուս մագնատի ձեռքում եւ Եվրամիության պատժամիջոցների ցանկում է. այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը». իսկ ՀՀ իշխանությունը լայն քայլերով գնում է դեպի Արեւմուտք, Եվրամիություն: Հետաքրքիր է՝ այս պայմաններում արդյոք ՀՀ-ին ԵՄ-ում սպասո՞ւմ են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երեւան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը: Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը եւ նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով:
Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձեւավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, եւ որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել եւս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենեւին էլ այդքան վարդագույն եւ կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, եւ անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված եւ կահավորված պայմանները): Լուսանկարներում դուք կարող եք տեսնել, թե նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: Հիվանդասենյակի մահճակալի վերեւի մասում եւս բաց լարերը հասանելի են երեխաներին…
Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձեւակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով եւ որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որեւէ մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, եւ նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որեւէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, եւ որեւէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»:
Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային եւ այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք եւ այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։
Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով: Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որեւէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում աշհեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։ Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից` ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացավ այն տեղեկության առումով, թե Պարույր Սևակի փողոցի վրա շենք է քանդվել: Ընդ որում, նշվում էր, որ շենքը պայթեցվել է: Սակայն քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքը քանդվել է իրենց թույլտվությամբ և ոչ թե պայթեցման, այլ ապամոնտաժման միջոցով: «Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ Պարույր Սևակի փողոցում նոր շենք կառուցելու նպատակով ապամոնտաժվել է ՊԵԿ-ի նախկին 12 հարկանի շենքը։ Ընդ որում, այդ շենքը, մեր տեղեկություններով, եղել է վթարային: Ի սկզբանե նախատեսված է եղել պայթեցնել այն, սակայն ընդառաջ գնալով շրջակա շենքերի բնակիչների խնդրանքներին ու անհանգստությանը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքապետարանի հորդորը՝ կառուցապատող ընկերությունը որոշել է ոչ թե պայթեցնել, այլ ապամոնտաժել նշյալ շենքը: Ի պատասխան «Փաստի» հարցման, կառուցապատող ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ քանդման հետևանքով հարակից տարածքներին որևէ վնաս չի հասցվել: Քանդման աշխատանքներից մեկ ժամ անց տեղի բնակիչները մեր թղթակցին տեղեկացրեցին, որ փոշու ամպը «կանգնած է եղել 2-3 րոպե»: Ի դեպ, այդ պահին արդեն մաքրման ու լվացման աշխատանքներ էին ընթանում տարածքում: