23.11.2024
Իրանը կրակի հետ է խաղում․ Թրամփ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ. Թեհրանը խոստանում է պատասխանել

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի շարունակական աջակցությունն ահաբեկիչներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը սպառնում են տարածաշրջանին, Միացյալ Նահանգներին ու ԱՄՆ-ի դաշնակիցներին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

Ինչպես հայտնում է amerikayidzayn.com-ը, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ահմա Խաթամին քննադատել է Միացյալ Նահանգների՝ նոր պատժամիջոցների սահմանումը՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջուկային համաձայնագրի կետերը:

«Միջուկային համաձայնագրում, ինչպես ասում են մեր պաշտոնյաները, չկա ոչ մի խոսք այն մասին, որ Իրանը չպետք է անցկացնի հրթիռային փորձարկումներ: Ամերիկացիներն ասում են, որ այդ փորձարկումները խախտում են միջուկային համաձայնագիրը, բայց համաձայնագիրը խախտում է Ամերիկան»,-ասել է այաթոլան: Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարությունից խոստացել են համարժեք պատասխան տալ՝ կիրառելով սահմանափակող միջոցներ ԱՄՆ-ի դեմ:

Պատժամիջոցներն ընդգրկում են այն անձանց անունները, ովքեր Իրանին մատակարարում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ: Իրանի, Լիբանանի, Չինաստանի և Էմիրությունների քաղաքացիներ և ընկերություններ հայտնվել են սև ցուցակում: Նրանց արգելվում է գործունեություն ծավալել ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ի քաղաքացիների հետ:

Ըստ Associated Press գործակալության՝ նոր պատժամիջոցները չեն անդրադառնում նախագահ Օբամայի օրոք միջուկային համաձայնագրի արդյունքում պատժամիջոցների մեղմացմանը:

Այս պատժամիջոցները նախագահ Թրամփի վարչակազմի առաջին պատժամիջոցներն են Իրանի դեմ: Սա նախագահ Թրամփի՝ Թեհրանի դեմ ավելի կոշտ դիրքորոշման արտացոլումն է: Նախընտրական քարոզարշավի օրերին նախագահ Թրամփը մեղադրել է Օբամայի վարչակազմին Իրանի նկատմամբ մեղմ դիրքորոշման մեջ և խոստացել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել՝ ընտրվելու պարագայում: