24.11.2024
Աղբյուր` armeniatoday
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն հիմքեր են ստեղծում մաքսային բնագավառում համագործակցության համար

Աղբյուրը` mfa.am
Աղբյուրը` mfa.am

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 29-ի հավանություն է տվել 2024 թ հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար։


Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում։


Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։


Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։


Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։