24.11.2024
Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողների համար աջակցության նոր միջոցներ է սահմանել
prev Նախորդ նորություն

Հայաստանում կստեղծվեն պատմամշակութային արգելոցներ

Աղբյուրը` hatis.am
Աղբյուրը` hatis.am

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում ընդունել է «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղեր ստեղծելու վերաբերյալ որոշում:


Արդյունքում՝ արգելոցները կապահովվեն հուշարձանների ամբողջ տարածքի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։


Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հիշյալ հուշարձանների տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն:


Արդյունքում՝ ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցների ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արգելոցների պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:


Արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը:


Նախարարը նաև հիշեցրել է, որ 2018-ից առ այսօր ստեղծվել է 6 պատմամշակութային արգելոց՝ Բջնի ամրոցը, Սմբատաբերդը, Դաշտադեմ ամրոցը, մայրաքաղաք Դվինը, Աղձքը, Արտաշատ մայրաքաղաքը:


Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են.


«Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները՝ նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են:


Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել:


Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Մտածողության հայեցակարգային հարց է:


Մեր պատմական և պետական արժեքները պե՞տք է եկամուտ բերեն պետությանն առնվազն այնտեղ, որտեղ կարող են դա անել, թե՞ չպետք է բերեն: Իմ գնահատականն է, և պետական ընկալումը պետք է լինի, որ, այո՛, պետք է բերեն եկամուտ»:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս որոշումներով երեք զուգահեռ հարց է լուծվում: Առաջին՝ այդ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորություն է ստեղծվում:


Երկրորդ՝ այդ հուշարձանները կբերեն լրացուցիչ եկամուտներ, և երրորդ՝ կստեղծվի ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ, որովհետև հուշարձան տանող ճանապարհ չկա, դրանց մասին տեղեկատվություն չկա:


Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ հանձնարարական է տվել աշխատել Լեզվի տեսչության հետ՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար. «Իմ համոզմունքն է, որ այս լեզվամտածողության շերտերին մենք շատ ուշադրություն պետք է դարձնենք»: