Կառավարությունը նոր ստանդարտներ է մշակում դպրոցների ինտերիերի համար
Հայաստանի կառավարության օգոստոսի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դպրոցների ինտերիերի ձևավորման նոր ստանդարտների ներդրման մասին: Այս որոշումը կայացվել է վարչապետի՝ դպրոցներ կատարած չնախատեսված այցերի արդյունքում:
«Մենք մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր և այլն, տանում, կախում ենք երեխաների վզից: Չի կարելի նման բան անել: Պետք է թողնել, որ երեխաներն ինքնուրույն ձևավորվեն», - նշել է Փաշինյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության նոր չափորոշիչներին համապատասխան՝ դպրոցական միջավայրը պետք է նպաստի ճկունության, ստեղծագործականության և ինքնուրույն մտածողության զարգացմանը: Նա նշել է, որ ներկայիս դպրոցական աթոռների ծանրությունը խոչընդոտում է այդ նպատակին:
Վարչապետը կարևորել է նաև դպրոցական գույքի պահպանումը և շենքերի պարբերական թարմացումը: «Մեր նորակառույց շենքերը շատ թե քիչ գունեղ են, հետո կամաց-կամաց, արևի ու անձրևի, կարկուտի, շոգի ու ցրտի հետ գունազրկվում են: Սա սպասարկման կարևոր մաս է», - հավելել է Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի սկզբին շահագործման է հանձնվել 28 նորակառույց դպրոց, իսկ սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվեն շահագործման: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել ևս 10 դպրոց:
«Տարեվերջին կլինի 35 ավարտված և 45 շահագործման հանձնված դպրոց, ևս 26-ը շինարարության փուլում են», - նշել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ վերջիններս նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի ընթացքում: