24.11.2024
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանյան գործոնը շարունակելու է ազդել ՀՀ տնտեսական և սոցիալական իրողությունների վրա

Հայաստանի տնտեսությունը արձանագրել է էական առաջընթաց անցյալ վեց ամիսների ընթացքում: Տնտեսությունն այդ հաշվետու ժամանակաշրջանում աճել է ավելի քան 9,6%-ով: Էական առաջընթաց են արձանագրել շինարարությունը, առևտրաշրջանառությունը, ծառայությունները, գյուղատնտեսության որոշ ոլորտներ: Հայաստանը իրական ՀՆԱ-ի աճի տեմպերով առաջին տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ-ում: Այս մասին "ԵԱՏՄ-ի տասնամյակը և Հայաստանի տնտեսությունը. 2024 թվականի առաջին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները" թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:


"Մեր երկիրը այդ շարքում առաջին տեղում է նաև իրական արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Մեր երկիրը ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԵԱՏՄ երկրների շարքում օգոստոսի 1-ի դրությամբ: Հայաստանում է գրանցվել նաև ԵԱՏՄ ամենացածր գնաճը",- ասաց նա: 


Ըստ բանախոսի,  Հայաստանի արտաքին առևտրի ծավալները շարունակում են աճել: Շարունակվում են անցյալ տարվա դրական միտումները: Արտահանման ծավալներն աճել են 2,3 անգամ: Արտահանման կառուցվածքում 71% զբաղեցրել են ոսկին և թանկարժեք քարերը: Կարևոր է ընդգծել, որ նման տպավորիչ ցուցանիշների Հայաստանը հասել է Ռուսաստանից ոսկու վերաարտահանման պայմաններում: Հետաքրքիր է, նշեց բանախոսը, որ 2024թ. առաջին եռամսյակում ռուսական ոսկու ամբողջ արտահանման մոտ 88%-ն անցել է Հայաստանի միջով: Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որը ազդել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Ոսկին դարձել է վերաարտահանման հիմնական ապրանքը:


"Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական նշանակալից գործընթացների և տարածաշրջանային զարգացումների պայմաններում: Փոխակերպումների է ենթարկվում Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ոլորտը: Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Հայաստանի տնտեսական հաջողությունների գլխավոր պատճառը ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությունն է, հայ-ռուսական առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Այստեղ կարևոր է նշել, որ մեր երկրի հիմնական տնտեսական գործընկերներն են դարձել (կիսամյա կտրվածքով) Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Չինաստաանը և Եվրոպական Միությունը: Այս հաջորդականությունը թելադրում է մտածել մեր արտաքին տնտեսական կապերի հետագա դիվերսիֆիկացիայի մասին, որի հռչակված նպատակը պետք է լինի տնտեսության կայուն աճի ապահովումը և աշխարհաքաղաքական ցնցումներից և այլ բացասական միտումներից ազատ տնտեսական զարգացման ապահովումը Հայաստանի բնակչության սոցիալ տնտեսական կարիքները համարժեքորեն հոգալու նպատակով",- հայտարարեց բանախոսը:


Ըստ Սաֆարյանի, ոսկու և ոսկերչական իրերի վերարտահանման պայմաններում արտաքին տնտեսական գործունեության որոշ ոլորտներում գրանցվել է անկում: Թեև , ավելացրեց նա, դեռևս շուտ է ահազանգել ետընթացի մասին, որովհետև տուրբուլենտ գլոբալ և տարածաշրջանային գործընթացների պայմաններոմ հնարավոր են որոշ տատանումներ: Սակայն հարկ է մոբիլիզացնել Հայաստանի ռեսուրսները աջակցելու համար այն ոլորտներին, որոնք կարող են ապահովել տնտեսության կայուն աճ:


"Փոփոխություններ կան նաև տնտեսական ոլորտների զարգացման առումով: Տասը տարի առաջ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնում 220 հազար մարդ: 2023թ. այդ թիվը եղել է 40 հազարից պակաս: 2024թ. ընթացքում այդ թիվը էլ ավելի է նվազել: Սրա պատճառը հայտնի քաղաքական հանգամանքներն են, ինչպես նաև Հայաստանում շինարարության և, մասամբ, ծառայությունների ոլորտների էական զարգացումը: Անցյալ տարվա ավելի բարձր ցուցանիշներից հետո մի փոքր նվազել են Հայաստան մտնող տրանսֆերտները: Վեց ամսվա կտրվածքով դրանք կազմել են 2,5 մլրդ. դոլար: Այս գումարի ստացողներն են Հայաստանում ապրող ռուսաստանցի ռելոկանտները և մեր քաղաքացիները: Հետաքրքիր է, որ էական թիվ է կազմում նաև կապիտալի արտահոսքը Հայաստանից, հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 1,9 մլրդ. դոլար",- նշեց նա:


Արամ Սաֆարյանը հավելեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդում են ինչպես Ռուսաստանի քաղաքական և տնտեսական գործընթացները, այնպես էլ Հայաստանում հաստատված ռուսաստանցի ռելոկանտները: Նրանց տնտեսական գործունեությունը էական ազդեցություն է թողել մի շարք ճյուղերի արձանագրված վիճակի վրա.

"Տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ցուցանիշների որոշ անկում ուղղակիորեն հետևանք է ռուսաստանցի ռելոկանտների Հայաստանից հեռանալու: Կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանի և գլոբալ Արևմուտքի միջև առճակատման և հիբրիդային պատերազմի պայմաններում ռուսաստանյան գործոնը շարունակելու է ազդել Հայաստանի տնտեսական և սոցիալական իրողությունների վրա":