2.09.2024
Փաշինյանը Տիգրանաշեն չի այցելել
prev Նախորդ նորություն

Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են ճակատագրական լինել

«Փաստ» թերթը գրում է.


«Արևմուտքի ու Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական լարվածությունը դրսևորվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև հետխորհրդային ողջ տարածքում ու հատկապես Հարավային Կովկասում։


Այսպիսի բարդ իրավիճակում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են ճակատագրական լինել։ Դրա համար էլ Վրաստանը փորձում է որոշակի բալանս ապահովել, ամբողջովին չնետվել Արևմուտքի գիրկը, միաժամանակ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վրաստանը զերծ է մնում նաև Ռուսաստանին շատ մերձենալուց, ինչը Արևմուտքի հակազդեցությունը կարող է առաջ բերել պատժամիջոցների ու այլ սահմանափակումների գործարկման տեսքով, որն էականորեն կբարդացնի վրացական տնտեսության վիճակը։ Ու հիմա, չնայած Արևմուտքում Թբիլիսիի վարած քաղաքականությունից որոշակի դժգոհություններին, Վրաստանը ոչ միայն կարողանում է զերծ մնալ պատերազմի թատերաբեմ դառնալուց, այլև նույնիսկ տնտեսական ձեռքբերումներ ունենալ՝ միաժամանակ համագործակցելով արևմտյան երկրների ու Ռուսաստանի հետ։


Առկա իրավիճակում Ադրբեջանը ևս փորձում է իր «խաղն» առաջ տանել: Առավել ևս, որ Արցախը հայաթափելուց, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրագործելուց, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ օկուպացնելուց հետո փաստացի դեռ մնում է անպատիժ։ Այսպես կոչված միջազգային հանրությունը աչք է փակում Ալիևի իրագործած հանցագործությունների առաջ։ ԵՄ-ում անգամ եվրահանձնաժողովի նախագահի շուրթերով Ալիևին հռչակում են վստահելի գործընկեր ու նրան խնդրում, որ ավելացնի գազի մատակարարումը դեպի Եվրոպա։ ԵՄ պաշտոնյաները նույնիսկ աչք են փակում այն նախազգուշացումների վրա, որ ռուսական գազը Ադրբեջանի միջոցով ավելի թանկ գնով կարող է հայտնվել եվրոպական շուկայում։ Ավելին, այս պարագայում եվրոպական բազմաթիվ ընկերություններ շարունակում են ներդրումներ իրականացնել Ադրբեջանի էներգետիկ սեկտորում։ Եվրոպային մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հետ մեկտեղ Ադրբեջանը սերտորեն աշխատում է նաև Ռուսաստանի հետ, դրա արդյունքում էլ Բաքուն հասավ նրան, որ ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից։ Իսկ օրերս պետական այցով Ադրբեջան ժամանեց ՌԴ նախագահը. այցի ժամանակ ստորագրվեց վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր, ընդունվեց նաև համատեղ հայտարարություն։


Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ու եթե Մոսկվայից որոշակի տնտեսական սահմանափակումներ կիրառվեն, ապա Հայաստանի՝ առանց այն էլ արտաքին գործոններից կախված տնտեսությունը շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ու սա՝ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները մեր երկիրը նետում են աշխարհաքաղաքական բախման հորձանուտ։ Արդյունքում Հայաստանն իր վրա զգում է նաև արտաքին քաղաքական բացասական հետևանքները։


Փաստացի, ստացվում է, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունն այն աստիճանի, որ մեզ վերաբերող հարցերը քննարկվում են առանց մեզ, ու հայկական կողմի կարծիքը որևէ կերպ հաշվի չի առնվում։ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, ու դրանից հետո խոսվում է ոչ թե դրա շուրջ Հայաստանի դիրքորոշումը ճշտելու մասին, այլ հայտարարվում է, թե հայկական կողմն ուղղակի կտեղեկացվի քննարկման արդյունքների մասին։ «Խոստումնալից» ընթացք է, ինչ խոսք»։

Վերջին նախազգուշացում՝ բացահայտումից առաջ
Հաջորդ նորություն next