25.11.2024
Ադրբեջանական զինուժը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ նախկին վարչապետին սպառնում է Ծառուկյանի ճակատագիրը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում: Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են: 2016-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում: Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով: Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել եւ դեռ խորանում է:

Ըստ որոշ դիտարկումների՝ տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»: Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է: Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին՝ նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը: Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու եւ ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ-որ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ից հեռանալուց հետո որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում: Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մեկ շաբաթ առաջ «Փաստը» գրել էր, որ Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցել ցանկացող ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը մտքափոխվել է, չի դնելու իր թեկնածությունը: Որովհետև գեներալ Միհրան Պողոսյանը (ում քեռորդին` Վահանը, «Միկմետալի» Միշայի որդին, նույնպես այս ընտրատարածքում է առաջադրվելու) նրան խոստացել է ապրիլին պետգույքի կառավարման վարչության պետ նշանակել, եթե հօգուտ Վահանի Վարդանը չդնի իր թեկնածությունը: Իրերի վիճակն այսպիսին էր մինչև երեկ: Սակայն Վարդան Այվազյանը մտքափոխ է եղել: «Փաստի» տվյալներով` անցած երեկոյան, Չարենցավանում իր որդուն պատկանող համակարգչային խաղերի շենքում Վարդան Այվազյանը իր սանիկների, շրջապատի մասնակցությամբ «նիստ» է գումարել: Նիստում նա հայտարարել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ինքն անպայման առաջադրվելու է ԱԺ պատգամավորի թեկնածու: Հորդորել է, որ բոլորը պատրաստ լինեն լուրջ պայքարի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ ընտրությունները սարերի ետևում չեն, բայց «Նիգ Ապարան» հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլևս հզոր ու միասնական չէ։ Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո չեն վերականգնվել Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունները։ Ապարանի քաղաքապետի ընտրություններում, հիշեցնենք, տարօրինակ վիճակ էր ստեղծվել, քանի որ երկու թեկնածու ստացել էր ՀՀԿ-ի աջակցությունը:

Մասնավորապես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել էր աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը՝ անկուսակցական Էդգար Փարվանյանին: Առաջինին աջակցում էր Աղվան Գառնիկիչը, իսկ Ալեքսանյանի թեկնածուն Էդգար Փարվանյանն էր, արդյունքում հաղթեց Գոռ Աբրահամյանը։ Դրանից հետո, ըստ լուրերի, Ալեքսանյանը երես է թեքել «Նիգ Ապարանից», նա այս տարի ներկա չէր նաև հին տոմարով Նոր տարվա տոնախմբությանը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է «Նիգ Ապարանը»՝ Ապարանում։ Ալեքսանյանի բացակայությունը նկատելի է եղել սեղաններից, որոնք ամեն անգամվա պես ճոխ չեն եղել, ինչպես նաև ներկաներից, որոնց մեջ ազդեցիկ դեմքեր գրեթե չեն եղել, պատվավոր հյուրերի էշելոնի կարկառուն ներկայացուցիչները եղել են Վահրամ Բաղդասարյանը՝ Գառնիկիչի անդավաճան ընկերը, Կարեն Ավագյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, Կարինե Աճեմյանը և այս կալիբրի իշխանականներ»։