25.11.2024
Սվիտալսկին գոհ է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությունից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե «հայերի կողմից տարածված տեղեկատվությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռազմաճակատի գծում սադրանք իրականացնելու և նրա կորուստների մասին սուտ է»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, թե «ռազմաճակատի գծում չեն եղել ակտիվ մարտական բախումներ», իսկ «Էլնուր Հուսեյնզադեն, որի անունը նշվում է հայերի կողմից տարածված տեղեկատվությունում, որոշ ժամանակ առաջ զորացրվել էր զինվորական կարգուկանոնը պարբերաբար խախտելու և ծառայության դուրս չգալու համար», ու «ներկայումս այդ մարդը չի ծառայում»:

Երեկ, այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «թշնամու կրակից» վիրավորվել է ժամկետային զինծառայող, սերժանտ Ռաուֆ Մուհամեդ օղլու Իսաևը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հիշեցնենք, ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է, երբ Պաշտպանության բանակը կասեցրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: