Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։ Ըստ այդմ, նա ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով` մայիս ամսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ընդերքի մասին ՀՀ օրենքի պահանջը, արդյունահանել է պետական սեփականություն համարվող
մոտ 4500 խմ օգտակար հանածո: Այնուհետև արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տարածք, որտեղ դրա ձեռք բերման աղբյուրը թաքցնելով, հանցավոր հետքերը վերացնելով՝ 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 092 000 դրամի վնաս:
Նաև պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս՝ հանգեցնելով հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:
Կատարվում է նախաքննություն: