22.11.2024
Ալիևը փորձում է սեփական ժողովրդին թաքցնել միջազգային հանրությունից
prev Նախորդ նորություն

ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով): Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին: Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաեւ ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:


Եվ չի բացառվում, որ հայրենիքի եւ սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում: Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»: Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլեւ բոլոր պատերազմներում, այսքանը»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին հանդես կգա ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հերթական քննիչ հանձնաժողովը զբաղվելու է հունիսի 12-ին ԱԺ բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունների ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ ընդդիմության հավաքի ժամանակ ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, անգամ՝ «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը: Դրանից ընդամենը օրեր անց՝ հունիսի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հանկարծ» ապօրինի որոշում կայացրեց՝ մաքրագրելով հանցանքը: Նա փոխեց «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառեց թույլատրելի հատուկ միջոցների շարքում։


«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդմամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասով դիմումը արդեն մշակման փուլում է, ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբին այն կներկայացվի խորհրդարան: Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով՝ իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»:


Այսինքն՝ ընդդիմությունը կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ իշխող ուժի ձայնը: ՔՊ-ն կարող է չհաստատել հանձնաժողովի կազմը, չներկայացնել հանձնաժողովում ներկայացուցիչ՝ տապալելով դրա ստեղծումը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այդ օրը «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպով», կարող ենք վստահ լինել, որ ՔՊ-ն տապալելու է հանձնաժողովի ստեղծումը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաշատ համայնքում չարաշահումների գործը կհասնի խոշոր ձկներին: Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են: Սպասենք զարգացումներին՝ տեսնելու, թե ովքեր կհայտնվեն թիրախում: Չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի պաշտոնյաներին ու մարզի պաշտոնյաներին։  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերեւույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել եւ հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։ Ըստ Հանձնաժողովի հաշվետվության` հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ ծանուցումների տվյալներում մշտապես առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանք չէին ներկայացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացված ծանուցմանը կցված չէր լինում համապատասխան ակտի պատճենը, Հանձնաժողովի սահմանած ձեւաթուղթը լրացված էր լինում անհամապատասխանություններով։



Հարկ է նշել, որ պաշտոնեական պարտականությունների դադարեցման վերաբերյալ հայտարարագրերի թիվը վերջին երեք տարիներին տարեցտարի աճել է, ինչը կարող եք տեսնել կից պատկերում»:Վերը նշված փոփոխություններից 1423-ը եղել են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 1420-ը՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված, գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6158։