VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Քաջարանի քաղաքապետի «ծաղկային դիվանագիտությունը» տապալվել է։ Թեեւ 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր` իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։ Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել` գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ` ՀՀ-ում աշխատանքի անցնելու պատճառով։ Փարամազյանը հաշվի չի առել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է իր կենսագրության սկզբնական` ենթադրյալ կեղծ տարբերակը, ըստ որի` նա ավարտել է սույն բուհը եւ ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։ Հայտնի է, որ տեւական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին՝ նախարարին։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ քննարկվել է Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում ընտրել նրա տեղակալ Լեւոն Հակոբյանին: Նշենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը տեղակալի իր հաստիքին նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն, մինչեւ տեղակալ աշխատելը, իր գործունեությունը սկսել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում վերջինս եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Օրաթերթը երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց պարզել այս տեղեկությունը հենց Լեւոն Հակոբյանից, սակայն վերջինիս աշխատասենյակի հեռախոսազանգերին այդպես էլ որեւէ մեկը չպատասխանեց: Նույն հարցով դիմեցինք նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, եւ այս պահին ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարեւոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ` ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։ Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին:
Վերանորոգման աշխատանքները նախատեսել էին ավարտին հասցնել 2022 թվականին, բայց պարբերաբար, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր: Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ եւ Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները: Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով: Մայր աթոռում չգիտեն ինչպես վարվել, արդյոք հրավերի դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչները կգա՞ն, թե՞ հերթական անգամ կխուսափեն Կաթողիկոսի հետ դեմ առ դեմ հանդիպումից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործով դատարանը վճիռ է կայացրել: Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Շիրինյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ինչպես հայտնի է` Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։
«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ իր գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»,- գրել էր նա: ArmLur.am-ը հայտնել էր, որ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից. նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել էին կանխել նրա փախուստը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մուրճի թափը, ինչպես պատմում են ՔՊ-ի մեր աղբյուրները, շուտով զգալու են Արարատի մարզի ՔՊ-ականները, որոնք վերջերս շեֆի «կանտրոլից» դուրս են եկել: Ասում են՝ նրանց ինքնագործունեությունը մի այլ կարգի հունից հանել է Փաշինյան Նիկոլին։ Ըստ չար լեզուների` չեն խնայվելու եւ ոչ մի չափից դուրս դուխավորված ՔՊ-ական: Ավելին՝ նույն շշուկների համաձայն, շեֆի «մուրճն» աչքի տակ է առել նաեւ Վեդիի համայնքապետ, այսպես ասած, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին»: