Լոնդոնում չկայացած հանդիպման հանգամանքը արժանի է ավելի խորը ուշադրության: Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը պարզապես հանդիպում չկայանալ չէ: Լոնդոնում ըստ էության տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացում էական տարակարծության ցուցադրական ակտ:
Ո՞վ է եղել այդ ակտի հմուտ կազմակերպիչը, միարժեք ասելն իհարկե դժվար է, բայց տեղի ունեցածը հենց այդպիսի ակտ է: Այն, որ Լոնդոնում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության չորորդ գագաթնաժողով, հայտնի էր ամիսներ առաջ: Դա մեկ-երկու օրում չէ, որ որոշվել է: Եվ մեկ-երկու օրում չէ, որ կազմակերպվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Եթե կա այդպիսի հանդիպման մտադրություն, ցանկություն, ապա աշխատանքը, կողմերի միջեւ շփումները, գոնե նախնական խոսակցությունները ծավալվում են առնվազն շաբաթներ առաջ: Համենայն դեպս այդպես է հուշում տրամաբանությունը:
Երբ այդ ամենը քննարկվում է, նախնական շփումներն ու խոսակցությունները լինում են, մոտավոր հասկանալի է դառնում, թե որքան է հանդիպման համաձայնություն ստանալու հավանականությունը, ուրվագծվում են համաձայնություններն ու անհամաձայնությունները, եւ այլն:
Եթե Լոնդոնից առաջ կատարված լիներ այդպիսի աշխատանք, ապա, Լոնդոնում առնվազն չէր լինի մի հանգամանք՝ չէր լինի փաստորեն հակադրություն հանդիպման երկու «հովանու» միջեւ, այսինքն բրիտանական եւ «եվրոպական»: Այսինքն կլիներ մեկ հարց՝ հանդիպում են, կամ չեն հանդիպում: Բայց, փաստորեն «բախվում» են հանդիպման հովանու երկու ձեւաչափեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը ստեղծվել է նրանցից առնվազն մեկի «գծագրմամբ» կամ գուցե ՝ երկուսի: Բայց բավականին նկատելի է, որ տեղի է ունեցել կողմերի միջեւ էական տարաձայնության ցուցադրական ակտ, եւ դա վկայում է, որ Լոնդոնում տեղի ունեցածը պարզապես հանդիպում չկայանալու հարց չէ, այլ բանակցային գործընթացի իմաստով էական հանգամանքի հետ կապված հարց:
Եվ այն, որ «կազմակերպվել» է այդպիսի անհամաձայնության ցուցադրական ակտ (եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ անգամ մի հանդիպման ֆորմատի հարցում, ի՞նչպես կարող են միմյանց միջեւ բանակցության բարդ բովանդակության հարցում գալ համաձայնության), առաջացնում է որոշակի մտահոգություն:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան