26.11.2024
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցերի շուրջ
prev Նախորդ նորություն

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի խորհրդարանական ֆորումում, ընդգծել՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձևավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար: Հայաստանի նախաձեռնած բարեփոխումները արտացոլված են 2021-2026թթ. կառավարության գործողությունների ծրագրում և մինչև 2050թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ՝ նշել է ԱԺ փոխխոսնակը:


«Չնայած այն բանին, որ 2020 թ.-ից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների միջով, նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:


Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թ․՝ 12.6%, 2023-ին՝ 8.7%)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից։


ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել:


Դատական, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը և երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:


Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: Հայաստանը նաև հետևողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը և զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում։ Հայաստանի Ազգային ժողովում կանանց տեղերի համամասնությունը 36.5% է»,- ասել է Հակոբ Արշակյանը։