26.11.2024
Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար
prev Նախորդ նորություն

Հայաստանը Եվրամիության Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո կստանա

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այդ մասին հայտնում է «Ազատությունը»` հղում անելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։


Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։


Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ "Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար", - ասված է հրապարակման մեջ։


Կուլիսներում շարունակվող բանակցությունների ֆոնին՝ Հայաստանի արտգործնախարարն էր անցած մայիսին մեկնել Հունգարիա՝ հույս հայտնելով, որ հուլիսից մինչև այս տարեվերջ Եվրամիության նախագահությունը ստանձնող Բուդապեշտը չի խոչընդոտի Բրյուսելի հետ Հայաստանի խորացող կապերին։


«Վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև ձեր նախագահության ընթացքում», - հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Արարատ Միրզոյանը:


Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։