23.11.2024
Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
prev Նախորդ նորություն

Զառա Մխեյանը կներկայացնի «Ձյունե թագուհին» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա

Զառա Մխեյանը «Ախթամար. Լեգենդ սիրո մասին», «Fashion ON ice» սառցե շոուների պրոդյուսերն է: Նա զբաղվել է նաև այնպիսի նախագծերի պրոդյուսինգով, ինչպիսիք են «Երաժշտության շաբաթ Երևանում»՝ Music Week in Yerevan, «Հայկական ուրվագիծ», «To see trees where the others see only poles» անվանումով Ֆեյշն ֆիլմ-նախագիծ ՀՀ-ում` F.TV-ով ցուցադրելու համար։ Եղել է ռուսաստանաբնակ երգչուհի Սոնայի պրոդյուսերը, ինչպես նաև կազմակերպել է 1000-ից ավելի համերգներ Ռուսաստանի Դաշնության աստղերի մասնակցությամբ։


Զառա Մխեյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Ձյունե թագուհին» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա:


- Դուք նոր սառցե շոու ստեղծելու գործընթացում եք, որի մասնակիցներն այս անգամ կլինեն հայ գեղասահորդները, պատմեք, խնդրեմ, ինչպես ծնվեց գաղափարը:


- Ես մտածեցի, որ հայրենիքիս համար պետք է ստեղծեմ իսկական ամանորյա հրաշք, որի հիմնական մասնակիցները անպայման կլինեն հայ գեղասահորդները: Շոուին կներգրավվեն նաև գեղասահքի չեմպիոններ: Սառույցի վրա գործողությունները կծավալվեն հրաշալի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի երաժշտության ներքո:

Այս հեքիաթի բեմադրություններն ու էկրանավորումները բազմաթիվ են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր բեմադրիչ հեքիաթը հարմարեցրել է իր ստեղծագործական մտահղացումներին, և այն գրեթե միշտ հաջողություն է ունեցել ամենատարբեր տարիքի հանդիսատեսի շրջանում: Այս անգամ հեքիաթը սառույցի վրա կախարդական շոուի կվերածի անզուգական վարպետ Էլեն Համբարձումյանը՝ Եվրոպայից հրավիրված պարուսույցի հետ համատեղ: Շոուն հստակ գիծ ունի՝ սյուժեի մտահղացումներից մինչև Կարինե Դնոյանի ստեղծած ինքնատիպ զգեստները, հատուկ գրված երաժշտությունն ու երկխոսությունները։


- Այս նախագծի շրջանակում ունե՞ք գործընկերներ, ովքե՞ր են ֆինանսավորում այն:


- Ներդրող կա, սակայն ես ինքնաբավ մարդ եմ և ինքս եմ իրականացնում իմ նախագծերը։

- Դուք երբեք չեք պատմում բարեգործական նախագծերի մասին, բայց մենք տեղյակ ենք, որ դրանք շատ են, խնդրում եմ պատմեք նրանց մասին, որոնք հատկապես կարևոր են ձեզ համար:


- Օրինակ, 2000 թվականին «Հայկական ուրվագիծ» բարեգործական հիմնադրամի ստեղծումը՝ «Տարվա նկարիչ – մոդելավորող» մոդելավորողների մրցույթ, նորաձևության ինդուստրիայի ձևավորման և զարգացման ոլորտում մասնագիտական բարձրագույն նվաճումների ամենամյա գնահատում: Մրցույթի հեղինակավոր ժյուրին գլխավորում էր կուտյուրե, նկարիչ, բանաստեղծ, Մոսկվայի նորաձևության տան նախագահ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ, պրոֆեսոր, Փարիզի պատվավոր քաղաքացի Վյաչեսլավ Զայցևը: Սա պրոֆեսիոնալիզմի և հաջող գործունեության փաստի վկայություն է:

«Հայ մոդելավորողների «Սերվիս» միությունը» և «Հայկական ուրվագիծը» նպաստում էին երիտասարդ տաղանդավոր նկարիչ-մոդելավորողների առաջխաղացմանը: Իր գոյության 4 տարիների ընթացքում հիմնադրամը դարձել էր հզոր երիտասարդական շարժում՝ ուղղված հայրենական նորաձևության ավանդույթների վերածննդին։ Իսկ «Հայկական ուրվագիծ» հիմնադրամը, որը ստեղծվել է իմ կողմից, ֆինանսավորել է հայ մոդելավորողների ուսումը Վյաչեսլավ Միխայլովիչ Զայցևի նորաձևության լաբորատորիայում։

2001 թվականին Հայաստանում Ֆեյշն ֆիլմ-նախագծի ստեղծումը և պրոդյուսինգը՝ F.TV-ով ցուցադրելու համար՝ «To see trees where the others see only poles» խորագրով, որի գաղափարը Ռուբեն Ջաղինյանինն էր, պրոդյուսերը ես էի, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը՝ «Շարմհոլդինգի» աջակցությամբ: Սա մեծ նախագիծ էր, որն անձամբ եմ ֆինանսավորել, իսկ մասնակիցները 30 հայ մոդելավորողներ էին։

2016 թվականին կայացավ «Ֆրոզեն» սառցե շոուն, որին հրավիրված էին հաշմանդամ երեխաներ, մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաներ, բազմազավակ ընտանիքների, անապահով ընտանիքների երեխաներ, ինչպես նաև քաղցկեղով հիվանդ երեխաներ: Շոուն գովազդվեց որպես բարեգործական, և, իրոք, 8000 ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ներկայացումը անվճար դիտելու հնարավորություն ունեցան: Ես զբաղվում եմ բարեգործությամբ, և այն, ինչ անում եմ, անում եմ ի սրտե։ Ի դեպ, առաջին անգամ եմ խոսում այդ մասին։ Այդ ուրախությունն ու տպավորությունների ծովն ամբողջ հոգով փոխանցեցի երեխաներին և ծնողներին՝ ինքս էլ վայելեցի սիրո և բարության մթնոլորտը: Ես նայում էի երեխաների աչքերին, որոնց համար դա հրաշք էր, կախարդանք, և ուրախանում էի մինչև հոգուս խորքը, հուզվելու աստիճան: Կարծում եմ, որ նման շոուները շատերին կհետաքրքրեն: Շատ կարևոր է օգնել մեր երեխաներին, այն է՝ պարգևել լուսավոր և դրական հույզեր։

Գեղասահքը չափազանց գերող և հետաքրքիր սպորտաձև է, նման է բալետի. այն պետք է դիտել միայն կենդանի կատարմամբ։

2018 թվականին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ստեղծվեց լուրջ բյուջեով «Ախթամար» փառահեղ ներկայացումը սառույցի վրա, որին ուղղված ներդրումներն արվեցին անձամբ իմ կողմից, և 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ախթամար. Լեգենդ սիրո մասին» յուրօրինակ ներկայացման պրեմիերան։ «AKHTAMAR ICE SHOW»-ն միանգամայն նոր ձևաչափի սառցե շոու էր, որտեղ ավանդական թատերական համարները միախառնված էին սառույցի վրա մուլտիմեդիային ներկայացմանը: «Ախթամար. Լեգենդ սիրո մասին» շոուի մեջ չկար ոչ մի պատահական գործողություն կամ կերպար, ամեն ինչ դարձել էր խորհրդանիշ։ Շոուին մասնակցում էր գեղասահքի մի ամբողջ աստղաբույլ, օգտագործվել էր ժամանակակից բարձր տեխնոլոգիական տեսաապահովում։ Հեղինակային հմայիչ երաժշտությունը, ջուրն ու կրակը պատմում էին դրամատիկ, բայց լույսով լի սիրո պատմությունը, որը հույսի շող և ջերմություն է պարգևում բազմաթիվ սերունդների:

Լեգենդար գեղասահորդները վերամարմնավորել էին ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների կերպարները: Ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերը ականատես եղան մշակութային կյանքի, իրավամբ, հզոր իրադարձության։ Միջազգային թիմի ավելի քան 200 անձ աշխատել էին այս ներշնչող և տպավորիչ գաղափարը կյանքի կոչելու, ամբողջ աշխարհի մարդկանց հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հպարտ ժողովրդի հոգու վեհությունը ցույց տալու համար:


- Ի՞նչ այլ նախագծեր ունեք այս պահին ընթացքի մեջ: 


- Այժմ ծրագրում եմ բեմադրել «Ախթամար» սառցե ներկայացումը՝ այս անգամ Հայաստանի գեղասահորդների մասնակցությամբ, մեր երկրում ամենամյա ցուցադրություններով՝ որպես իմ ժողովրդի մշակութային ժառանգություն հաջորդ սերունդների համար:

Նախատեսվում է նաև վարպետության դասերի կազմակերպում մեր գեղասահորդների համար։
Բայց ամենակարևորը դեռ առջևում է՝ «Սառցե թագուհուց» հետո կստեղծվի համաշխարհային մասշտաբի սառցե ներկայացում, որի վրա աշխատում ենք ավելի քան երկու տարի։ Անվանումը դեռ գաղտնիք է, բայց ասեմ, որ դա ստեղծվում է իմ ժողովրդի համար։ Նախատեսվում է նախագծի շրջագայություն ամբողջ աշխարհում՝ մեծն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Իհարկե, շատ ցավալի է, որ իմ հայրենի երկրում չկան ազգային նախագծեր, բայց ես հույս ունեմ, որ այս նախագիծը կդառնա խթան Հայաստանում ազգային նախագծերի վերելքի համար:


- Նախկինում համագործակցել եք մշակույթի ոլորտում տարբեր պետական կառույցների հետ, այսօր դա ինչպե՞ս եք կազմակերպում:


- Այսպես ասեմ, ես երբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել։ Սակայն, պատահել է, որ դիմել են իմ ընկերությանը՝ ինչ-որ նախագծեր իրականացնելու համար, և ես միշտ մեծ ուրախությամբ օգնել եմ։

Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է։ Առանց հստակ պետական քաղաքականության մշակույթը Հայաստանում պարզապես կմահանա։ Հիշեք, թե երեք տասնյակ տարիների ընթացքում քանի մշակույթի նախարար ենք ունեցել, որոնք որևէ առնչություն չունեին մշակույթի հետ։ Այդ պաշտոնում էին մաթեմատիկոսներ, քիմիկոսներ, մարզիկներ։ Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, բայց ամեն մեկը պետք է զբաղվի ի՛ր գործով։ Մշակույթը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Պետք է ստեղծել ազգային նախագիծ՝ որպես պետության կողմից մշակված համալիր ծրագիր՝ երկրում մշակութային ոլորտը զարգացնելու համար։ Այն պետք է լինի պետության զարգացման ընդհանուր ռազմավարության մի մասը և ուղղված լինի մշակութային ներուժի ամրապնդմանը, ազգային ժառանգության պահպանմանը և խթանմանը, ստեղծագործական արդյունաբերության զարգացմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ազգային մշակույթը, որը ժողովուրդների կողմից ստեղծված նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, և նրա ժառանգությունը մեծապես նպաստել են ժողովուրդների միասնականության պահպանմանն ու երկրների բարգավաճմանը: