ՀՀ ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. Ստանո
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ստանոն վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցել խաղաղության գործընթացին։
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - ասել է ԵՄ խոսնակը։