22.11.2024
Եթե ԱԳՆ-ն իր ֆունկցիան աներ, Բաքուն երբեք չէր հանդգնի ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն անելու է Սերժ Սարգսյանի պես. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաեւ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել: Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, եւ տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, եւ ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո: «Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիել յանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիել յանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից: Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը:


Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից մինչև Նեմեսիսի արձանի ապամոնտաժում, Հայոց ցեղասպանության հիշատակումից հրաժարում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում, զինանշանի փոխում, Սահմանադրության փոփոխություն և այլն: Ու մեկ էլ... «առանց նախապայմանների»: Ինչի՞ հետ է կապված թուրքական կողմի տրամադրությունների նման փոփոխությունը: Մեզ հետ զրույցում մի քանի փորձագետներ շեշտում էին երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ակնհայտորեն տարածաշրջանում «ղեկն» իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ էական քայլեր են անում մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը, ինչը նշանակում է, որ թուրքերը հայտնվում են «խաղից դուրս» վիճակում:


Ըստ այդմ, Թուրքիայի ղեկավարին անհրաժեշտ է ստանալ «օրակարգ թելադրողի» կարգավիճակ: Ի վերջո, հրաժարվելով «նախապայմաններից»՝ Թուրքիան փաստացի ոչինչ չի կորցնում, քանզի Նիկոլ Փաշինյանն, այսպես թե այնպես, հետևողականորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները, իսկ տարածաշրջանում դիրքերը զիջելը Էրդողանի պլանների մեջ չի մտնում: Երկրորդ գործոնը կապված է հենց այս վերջին դիտարկման հետ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանում հասել է «հատակին», հանրության մեջ դժգոհությունը հասել է ահռելի չափերի, ինչի մասին են վկայում նաև «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու դրան աջակցողների մեծ քանակը: Ուստի, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին անհրաժեշտ է «ատամներով» պահել Նիկոլ Փաշինյանին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով հերթը հասել է մի շարք լրատվամիջոցների տուժած լրագրողների եւ օպերատորների հարցաքննությանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։


Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիներին հարցաքննելիս էլ օրենքի պահապանները ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներն են պաշտպանում, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողների կամ կազմակերպողների դեմ ցուցմունքներ կորզելու համար են հարցաքննում: Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին քպական պատգամավորները ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «շտամպային» գրառումահեղեղ էին սկսել առ այն, թե՝ անթույլատրելի է լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը և այդպես շարունակ: Խոսքը Հանրային լրագրողի մասին է, որի հասցեին, ըստ քպականների, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման էջում վիրավորական ձևակերպումներ կան: Մինչ բուն ասելիքին անցնելը, թեպետ էլի առիթ ունեցել ենք նշելու, մեկ անգամ ևս ընդգծենք. որևէ լրագրողի նկատմամբ որևէ բռնություն, վիրավորանքի դրսևորում կամ ճնշում գործադրելն անթույլատրելի է: Մեր ընկալմամբ՝ այստեղ քննարկելու բան չկա: Եթե եղել է նման որևէ դրսևորում, ապա դա դատապարտելի է: Բա՛յց:


Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները: Հատկապես նրանցը, որոնք նախօրեին առանձնահատուկ ակտիվ էին: Ու բացարձակապես ոչինչ չգտանք այն մասին, որ դատապարտում են, օրինակ՝ իրենց այն կողմնակիցներին ու կուսակիցներին, որոնք միահամուռ թիրախավորել էին ասուլիսում Փաշինյանին տհաճ հարցեր ուղղած լրագրողներին: Ավելին, Կիրանցում, Ոսկեպարում ժողովրդական ընդվզման մեկնարկից ի վեր, մինչև օրս, փաշինյանական, քպական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյաների, հարկատուներիս հաշվին ապրող ոստիկանության տարակերպ ներկայացուցիչների ու ծառայողների կողմից իրականացվել են վերբալ ու ֆիզիկական հարձակումներ լրագրողների, դեպքերը լուսաբանող մեր գործընկերների վրա:


Բազմիցս բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչի բարձրակետը հունիսի 12-ը կարելի է համարել, երբ վերին ցուցումով հատուկ միջոցներ կիրառվեցին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում եղած խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում տուժեցին նաև լրագրողներ: Նախօրեին աղմուկ-աղաղակ դրած քպականներից քանի՞սն է դատապարտել լրագրողների վրա այդ հարձակումները, լրագրողներին՝ մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, լրագրողներին թիրախավորելն ու նրանց հասցեին, իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, զազրախոսելը:


Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է բավականին տհաճ մի բան. ըստ քպականների ընկալման՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ: Այդպես չի լինում: Ավելին, քպական պաշտոնյաներն ուղղակիորեն երջանկացած էին, բացահայտորեն խրախուսում ու ողջունում էին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործադրումը: Դա նույնիսկ «երկակի ստանդարտ» չէ: Դա ուղղակի զազրելի է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի որոշ հատվածներում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը. ու դա ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ընդգրկված միակ զեկուցվող հարցն է, մնացած 17 հարցերը չզեկուցվող են: Նախագծով, մասնավորապես, Երեւանի որոշ հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը, ասել է թե՝ թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երեւանի կենտրոնից: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երեւան քաղաքի հետեւյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք: Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչեւ ավագանու նիստի օրակարգ մտնելը. «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաեւ որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել վերադասի՝ Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, ով իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, ով հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա՝ Անդրյանին, եւ հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջեւ վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի։


ՔԿԾ-ի լրատվության բաժնից հաստատեցին, որ Էդիկ Անդրյանն ազատվել է հունիսի 18-ին, պատճառը «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է»: Կոնֆլիկտի մասին հարցին ՔԿԾ-ից նույն պատասխանը տվեցին, թե պետն ազատվել է տարիքի պատճառով։ Ի դեպ, նա ընդամենը 45 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2024 թ․ հունվարի վերջին, եւ առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 4 ամսից թոշակի է գնում: Փաստորեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔԿՀ-ները բարեփոխվել են, այնտեղ իրականում նույն անտերությունն է տիրում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ. ՀՀ դատական դեպարտամենտը մեկ տարում 10 պայմանագիր է կնքել հոգեբանի ծառայությունների ձեռքբերման համար։ Պայմանագրերը կնքված են՝ դատական նիստերին ներգրավված հոգեբանների ծառայություններ ձեռք բերելու համար։ ՀՀ Դատական օրենսգրքի «Դատական իշխանությունների եւ գործունեության հիմունքները» բաժնում առկա գլուխ 16-ի՝ առաջին ատյանի դատարանների դատավորների եւ դատարանի նախագահների նշանակման կարգի 108-րդ «Հարցազրույցի անցկացում» հոդվածում է միայն հիշատակվում հոգեբան բառը, այն է՝ թեկնածուի հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:


Այսինքն՝ հոգեբանի այցելությունը ո՛չ օրենքով է սահմանված, ո՛չ պարտադիր է։ Դատական դեպարտամենտի գնումների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հոգեբանի ծառայությունները ներգրավված են այն գործերում, որոնցում առկա է անչափահաս անձի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցություն։ Գործերի հիմնական բնույթը քրեական է։ Որպես օրինակ՝ դիտարկենք մեկ քրեական գործ. քանի որ առկա է անչափահասի անմիջական մասնակցություն եւ կապված է խորթ հոր կողմից դաժան բռնության դեպքերի հետ, հոգեբանի ծառայությունները՝ ճնշված եւ տուժող ճանաչված անձի մասնակցությամբ դատական նիստի դեպքում անհրաժեշտ են. եւ այս դեպքում ներառվում է հոգեբանը։ Նշենք, որ կնքված գնումների դրամային սահմանը հատում է 300 հազար դրամի շեմը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս անդրադարձել ենք ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին ու փոխանցել քաղաքացիներից ու ուժային կառույցների աղբյուրներից եկող մտահոգությունները կապված ծխախոտի անօրինական շրջանառության փաստերի հետ: Պետք է արձանագրել, որ հրապարակումներից հետո ՊԵԿ-ն ու ոստիկանությունը հիմնականում արձագանքել են, ու իրականացվել են ձերբակալություններ, ստուգումներ: Ցավոք, իրավիճակը հեռու է բավարար լինելուց՝ շարունակում ենք ստանալ տեղեկություններ շուկայում անօրինական շրջանառության փաստերի վերաբերյալ: Վերոնշյալ սպիտակ տուփերով ծխախոտի շրջանառությունը շարունակում է տեղի ունենալ, ու վաճառքները հիմնականում կատարվում են օնլայն հարթակների միջոցով, իսկ մարզերում՝ տանից տուն գնալով։ Տեղադրվում են հայտարարություններ վաճառքի մասին, դեպքեր են արձանագրվում նաեւ արտասահմանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներմուծման, ապա դրանք, հիմնականում, խոշոր քաղաքներից ու խոշոր խանութներից հեռու վաճառելու մասին:


Մեր անդրադարձներից հետո արդարադատության նախարարությունից, տեսչությունից ու համապատասխան գերատեսչություններից մեզ հետ կապվեցին պետպաշտոնյաներ ու նշեցին, որ հարցի լուծումը հնարավոր է, եթե կիրառվի այս տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումը, որով պարտադիր է արտադրվող ու ներմուծվող ծխախոտի տուփի վրա՝ ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների սարսափեցնող նկարների տպագրումը, այն հնարավորություն կտա արագ տարբերել, թե որն է մաքսանենգ կամ անօրինական շրջանառվող ապրանքը, որը՝ օրինական: Մեր այն հարցին, թե ինչու օրենսդրական այդ պահանջը չի կատարվում, կամ գրեթե չի կատարվում, պատասխանեցին, որ արտադրողների ու ներմուծողների գերակշիռ մասը ներկայացնում են, իբրեւ թե շուկայում շրջանառվում է մինչեւ 2024թ.-ի հունվար ամիսը ներմուծված ու արտադրված ծխախոտ, նման պահանջ էլ արտադրման ու ներմուծման պահին չի եղել, իսկ մեր աղբյուները պնդում են՝ դա բերում է նրան, որ ապօրինի վաճառքը շարունակում է զարգանալ։ Սպասենք, թե երբ շուկայում կլինեն ամբողջությամբ «նկարներով» տուփեր։


Ստացվում է, որ պետությունը ստանձնում է պարտավորություններ, որոնք կա՛մ չի կարողանում իրացնել, կա՛մ դրանց հետեւանքով շուկան ողողվում է անօրինական արտադրությամբ: Իսկ սոցիալապես վատ պայմաններում բնակվող մեր քաղաքացիների համար, բնականաբար, նախընտրելի է էժան ծխախոտը: Կարճ ասած՝ պետությունը, կարծես թե, ի վիճակի չէ կարգավորված ու օրինական պայմաններ ապահովել: Պետության անկարողության մասին մենք փորձեցինք զրուցել առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր զանգերին»: