Այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ ու թույլ չտալ առճակատում
Հաշվի առնելով այս օրերին Երևանում ստեղծված իրավիճակը` կոչ եմ անում համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Երկրում ստեղծված ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է պատասխանատվություն դրսևորել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման: Այս մասին ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ:
«Հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար:
Այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունը։ Հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, ու բոլորն են անհանգստանում ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Այսօրվա իրավիճակում վտանգավոր է ցանկացած բաժանում:
Կարևոր է եկեղեցու դերը՝ որպես ազգային արժեհամակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը: Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ է պահպանվել հայ ժողովրդի ինքնությունն ու միասնականությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, և այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ ու թույլ չտալ առճակատում, եկեղեցու և ժողովրդի տարանջատում»,– նշել է Կարապետյանը։