Քննարկվել են Էքս-ան-Պրովանսը և Մասիսը քույր քաղաքներ ճանաչելու հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դրական և արդյունավետ համագործակցության բազմաթիվ փորձերը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերին:
Սոֆի Ժուասենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել Էքս-ան-Պրովանս քաղաքում հայկական ներկայության կարևորությունը: Ըստ նրա՝ քաղաքն առաջիններից է, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, և կա սերտ համագործակցություն հայկական սփյուռքի հետ: Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում նախատեսվում է Էքս-ան-Պրովանս քաղաքում ունենալ նրա անվան հրապարակ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում են Հայաստանի օրեր, որի շրջանակում կկազմակերպվեն տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ: Նախատեսվում է իրականացնել բիենալե ճարտարապետության ոլորտում:
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է պատրաստակամությունը համագործակցության շրջանակում կայանալիք միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը խրախուսելու հարցում: «Հայկական ներկայությունը Ֆրանսիայում շատ գնահատելի և տեսանելի է: Շնորհակալ ենք ձեր հետևողական ուշադրության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Քննարկվել են նաև Էքս-ան-Պրովանսը և Մասիսը քույր քաղաքներ ճանաչելու և ըստ այդմ՝ համատեղ շարունակական ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մասիս քաղաքում կան ֆրանսերենի ուսուցման դպրոցներ, և վերջերս ֆրանսախոս աշակերտները հաջողությամբ հանդես են եկել Շառլ Ազնավուրի 100-մյակին նվիրված միջոցառմամբ:
Կողմերը նախանշել են Էքս-ան-Ֆրանսիայի Պրովանս ռեգիոնի և ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի դպրոցների միջև ևս հաստատել կապեր՝ փորձի փոխանակման, նոր համագործակցության հաստատման նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության, մասնավորապես՝ Երևանի և Էքս-ան-Պրովանսի կոնսերվատորիաների միջև համագործակցության հնարավորությանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: