24.11.2024
Երկրի թիվ մեկ զինվորականն է ստատուսչիի ոճով. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաեւ իրենց համակրանքը եւ աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։ Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից եւ ուշի-ուշով հետեւում են հակաիշխանական շարժման ընթացքին եւ անհամբեր սպասում նրա հաջողություններին։ Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, եւ իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, եւ այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ եւ խաղում է սրբազանի թելադրած կանոններով։ Երեկ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ականները ստանձնել էին ոստիկանների պաշտպանի դերը, նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանին էլ մղեցին, որպեսզի նա ոստիկանների եւ նրանց ընտանիքների իբր թե խախտված իրավունքների, նրանց թիրախավորվելու, ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծելու մասին դատապարտող հայտարարություններով հանդես գա։ ՔՊ-ում անհանգստացել եւ խիստ հուզվել էին նախորդ օրը Բագրատ սրբազանի եւ շարժման աջակիցների հաղթանակից՝ ընդդեմ Վահե Ղազարյանի եւ նրա ղեկավարած ոստիկանական «բանդայի», որոնք դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահապանները։ Եվ որոշել էին դուխ տալ ոստիկաններին, հանդես գալ նրանց շահերի պաշտպանության դիրքերից՝ ըստ էության հենց բերետավորներին մղելով նոր, ավելի դաժան վայրագությունների։ Ի դեպ, նկատենք, որ երեկ կառավարության դիմաց ընթացող ակցիաների ժամանակ ոստիկաններն իրենց անհամեմատ զուսպ էին պահում եւ տեղ-տեղ անգամ ընկրկեցին սրբազանի պահանջների առաջ: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, եւ, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան: Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ: Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, եւ քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեեւ չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերեւներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության եւ ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:


Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, եւ Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին եւ ներկայանալ խորհրդարան։ Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լեւոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել։ Հիշեցնենք, որ երեկ էլ ՆԳ նախարարն էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին ուղարկել խորհրդարան: Ի դեպ, նախարարի տեղակալ տիկինը բոլոր հնարավոր վայրերում ծաղրում է իր ղեկավարին, թե երկու բառ չի կարողանում ասել, որտեղ խոսելու տեղ կա, ինձ է ուղարկում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահից դարձել է ՔՊ ժողովի նախագահ: Այսպիսով՝ Սիմոնյանն ինքն իր համար կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը, ավելի կոնկրետ՝ ՔՊ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են բացառապես ՔՊ խմբակցության պատգամավորներ եւ ԱԺ նախագահի աշատակազմի աշխատակիցներ: Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Լենա Նազարյանը, ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը եւ այլ աշխատակիցներ: Այսպիսով՝ «ժողովրդավարական բաստիոնի» պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդդիմադիր որեւէ պատգամավոր չկա: Նշենք, որ ԱԺ կանոնակարգով հստակ որեւէ կարգավորում, իհարկե, չկա, թե ովքեր կամ քանի հոգի պետք է լինեն պատվիրակության կազմում. ԱԺ նախագահը ինքն է որոշում կազմը եւ ներկայացնում հրավիրող կողմին: Հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանը բացառապես իր թիմակիցներին է կազմում ընդգրկել, կարող ենք հստակ հետեւություն անել՝ նա ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։ Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։ 2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:


Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել էր։ Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել: Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել: Ավելին՝ լրացել է նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան: Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։


Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է»»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երեւույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են` վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են` իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու: Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ Եվ ամենակարեւորը` 23-ի սեպտեմբերից հետո հարյուրավոր հայտարարություններ եղան, թե պատրաստ են աշխատանք տրամադրել Արցախից տեղահանվածներին, սակայն բացի հեռավոր գյուղերում ուսուցչական եւ այլ` ցածր վարձատրվող աշխատանքից, ուրիշ բան չառաջարկեցին։ Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի մասնակցեր` գրասենյակային աշխատանքի համար, ամիսներ շարունակ օրենսդրություն է սերտել, թղթերը հանձնելու պահին ասել են` իզուր մի դիմիր, արցախցիներին չենք ընդունում: Մեկ այլ արցախցի երիտասարդ փորձել է դպրոցում զինղեկի աշխատանք ստանալ, վերջին պահին իմացել են, որ արցախցի է, մերժել են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրերում զարմանալու թերեւս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները:Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկ»-ի՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երեւանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաեւ մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլեւ զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել:


Ի դեպ, Հայաստանի առաջնության նախավերջին տուրի որոշիչ՝ «Փյունիկ»-«Նոա» խաղը տեղի էր ունենում Երեւանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 1200-ից մի փոքր ավելի մարդ: Խաղը խիստ հետաքրքրական էր, սակայն հավաքվածների հսկայական բանակ մնացել էր դրսում, ու մարդկանց կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում. խաղադաշտից հաճախ հնչում էր կոչ-խնդրանք, որ մարդիկ իջնեն մարզադաշտի հարակից բարձունքից, քանզի այնտեղով բարձր լարման հոսանք էր անցնում. իսկ հազարավոր հավաքվածների մեջ մեծ թվով երեխաներ ու պատանիներ էին: Հ.Գ. Երեւանի «Փյունիկ»-ը հանդիսանում է Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, եւ այս տարի չեմպիոն են դարձել ոչ միայն գլխավոր ու աղջիկների, այլեւ տարբեր տարիքի մարզիկների թիմեր. այս ակումբում մարզվում են շուրջ 1800 երեխաներ ու պատանիներ: Հույս ունենանք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսի գալ ու փրկել հայկական ֆուտբոլի հեղինակությունը վերջնական զրոյացումից: Մեղմ ասած՝ ամոթ կլինի, որ չեմպիոնը խաղա օտար հողի վրա»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել, և այս հրաժարականը ևս «Քաղաքացիակսն պայմանագիր» կուսակցության կոկորդին դարձավ ոսկոր։ 2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել։ Հենց այս խայտառակ իրավիճակից խուսափելու համար Մինասյանը հրաժարական ներկայացրեց՝ առանց սև բծերի պաշտոնից հեռանալու համար։ Նրա հրաժարականից ժամեր առաջ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ևս մեկ անկախ ավագանու անդամ՝ 11 հոգի, իմպինչմենտի գործընթացի նախաձեռնության փաստաթղթերն արդեն հանձնել էին համայնքի աշխատակազմ։


Դավիթ Մինասյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի հետ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությամբ դաշինք կազմելու շնորհիվ։ ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» խմբակցությունը ՏԻՄ-ում ներքին պայմանավորվածություն ունեին. 2,5 տարի կղեկավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։


Մինասյանի հրաժարականից հետո իրավիճակը սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը։ «Ապրելու երկրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, իսկ ՔՊ խմբակցությանը՝ կրկին Լյուդվիգ Գյուլնազարյանը։ ՔՊ համայնքապետին անվստահություն հայտնած անկախ ավագանին Էմին Երիցյանն է, որի շնորհիվ «Ապրելու երկիրը» ստացավ մեծամասնության ստորագրությունը՝ անվստահություն հայտնելու համար։ Սակայն, ժամ առ ժամ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր ուզածին հասնելու համար ճնշումներ կարող է սկսել գործադրել ավագանու ընդդիմադիր անդամների վրա։ Հարցական է, թե մինչ բուն ընտրությունների ընթացքն ինչ կփոխվի ավագանու ներսում։ Հարցական է՝ Երիցյանը մինչև վերջ կմնա՞ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին, թե՞ իշխանական գայթակղություններին կտրվի: Նրա սկզբունքայնության թեստը «հանձնելուն» ժամանակ դեռ կա»։