27.11.2024
Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմքերը
prev Նախորդ նորություն

Բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. ֆիննախ

2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը:


2023 թվականին գործադիրը շարունակել է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտներում առաջացող հիմնախնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրեր: Պահպանվել է կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը: Կապիտալ ծախսեր/ ՀՆԱ ցուցանիշը համախառն ներքին արդյունքում հասել է 5 տոկոսի` թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային եւ կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը:


Ըստ զեկուցողի` տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն:


«Չնայած ստեղծված մարտահրավերներին` 2023 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով:


Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2023 թվականին արձանագրվել է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում: Նշվել է, որ փոխանցումները նվազել են 44,3 տոկոսով, որը պայմանավորված է ԱՄՆ-ից` 12,5, այլ երկրներից` 26,6 եւ ՌԴ-ից` 53 տոկոս նվազմամբ:


«ՀՀ տնտեսության համար ձեւավորված նպաստավոր արտաքին տնտեսական պայմանների դերի նվազման հետեւանքով 2023 թվականին տնտեսական աճի տեմպը դանդաղել է 2022 թվականի համեմատ, սակայն պետբյուջեից կապիտալ ծախսերի եւ բնակարանաշինության շարունակվող բարձր աճի, ինչպես նաեւ տարեվերջին ոսկերչության կտրուկ աճի տնտեսական ազդեցությունների արդյունքում շարունակել է մնալ բարձր` գրանցելով 8,7 տոկոս իրական աճ»,- նշել է նախարարը:


Զեկուցողի խոսքով 2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետեւանքով:


Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանի մակրոմիջավայրին: Նշվել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունների աճով եւ զգալի անորոշությունների ուղեկցմամբ 2023 թվականին համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում, չնայած տնտեսական աճի դանդաղման ռիսկերի պահպանմանը, ընդհանուր առմամբ, սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն է արձանագրվել: Դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ Հայաստանի տնտեսությունում, թեեւ արտաքին բարձր պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են, սակայն շարունակում են մնալ բարձր: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալ ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ ՀՀ-ից արտահանման պահանջարկի ավելացման միտումները: Նշվածի արդյունքում 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8,7 տոկոս:


«Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2023 թվականին ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, ինչին հիմնականում նպաստել են ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները եւ դրամի արժեւորումը: Արդյունքում, ապրիլից սկսած` 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից զգալիորեն ցածր մակարդակում»,- ասել է զեկուցողը: Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը` Մարտին Գալստյանը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին այն կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ:


Մարտին Գալստյանը հաջորդիվ անդրադարձել է Կենտրոնական բանկի վարչական եւ կապիտալ ծախսերին: 2023 թվականին Կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8,6 մլրդ դրամ, կամ մոտ 86 տոկոս: 2023 թվականին վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել է ապարատի պահպանման ծախսերը, որի կատարողականը կազմել է 86 տոկոս կամ 8,5 մլրդ դրամ: ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ այլ ցուցանիշներին, ԿԲ-ի` առավելապես փորձառու աշխատակիցների արտահոսքին, ինչը պայմանավորված է համակարգում ոչ մրցունակ աշխատավարձերով: Նշվել է, որ կապիտալ ծախսերի կատարողականը հաշվետու տարում կազմել է 1 մլրդ դրամ:


«Հաշվեքննիչ պալատը եռամսյակային հաշվեքննություններով կուտակել է հաշվեքննության բավարար ապացույցներ եւ ներկայացնում է հետեւյալ կարծիքը. 2023 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը, ու այդ առումով Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս ընդգծել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:


Պալատը հաշվետու տարվա վերաբերյալ իրականացրել է 40 հաշվեքննություն, 10 պետական մարմիններում: Ծածկույթը կազմել է 1 տրիլիոն 237 մլրդ դրամ կամ ծախսային մասի շուրջ 83,9 տոկոսը: Իրականացվել են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություններ:


Անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ դրանց հիման վրա ձեւավորված առաջարկությունների վիճակագրությանն անդրադառնալով` Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 10 գերատեսչություններում անհամապատասխանությունների արձանագրված եւ տարեվերջին պահպանված թիվը 134 է: Այս համատեքստում նա հստակեցրել է, որ եռամսյակային հաշվեքննությունների ընթացքում արձանագրված անհամապատասխանություններ կան, որոնք պետական մարմինները շտկել են: 5 պետական մարմիններում 14 խեղաթյուրում է եղել` 5,5 մլրդ դրամի չափով կամ հաշվեքննության ենթարկված գումարի 0,26 տոկոսը: Այդ ցուցանիշը, ըստ ՀՊ նախագահի, չի ազդել հավեքննության արդյունքների հիման վրա եզրակացությունում տեղ գտած աուդիտորական կարծիքի վրա: