ԱԱԾ պահեստազորի սպաների ՀԿ-ն հայտարարությունը․
"Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր:
Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված 1988թ. տոպոգրաֆիկ քարտեզով, որը հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների արձանագրությամբ, հանձնվել էր Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահություններին:
Ընդ որում 1988-ին ավարտված գործընթացը, որը հիմնված էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրա, այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն ենթակա չէր խորհրդարանների (Գերագույն խորհուրդների) կողմից վավերացմանը: Փաստորեն այսօր այս այսպես կոչված սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճվում է Հայաստանի մեջ, Հայաստանի տարածք:
Կրկնում ենք՝ Կիրանցն Ադրբեջանին սահմանակից բնակավայր չի եղել, եղել է Հայաստանի կազմում Ադրբեջանին սահմանամերձ բնակավայր: Նույնն է և Ոսկեպարի պարագայում: Այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նվիրաբերվում են Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի վկայակոչմանը, այն խաբեություն է, քանի որ Գլխավոր շտաբի քարտեզները չեն հանդիսանում հանրապետությունների վարչատարածքային բաժանման, հետևաբար սահմանագծման, սահմանազատման հիմք: Այս քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան հայկական աշխարհին որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է:
Պահանջեք իշխանությունների կողմից վկայակոչվող 1976 թվականի տոպոգրաֆիկ քարտեզն ու դրա իրավական փաստումը:
Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները":