Այլընտրանք չկա, այլընտրանք չի մնացել, կամ այսօր, կամ երբեք. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոց Գալստանյանը հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձել է Կիրանցի շուրջ զարգացումներին:
«Այլևս հրամայական ու հրատապություն է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքներով, նվիրումով, համառ կամքով, համբերությամբ ու համառությամբ հեռացնելու այս իշխանությանն ու նոր կյանք հաստատել մեր երկրում։ Այլընտրանք չկա, այլընտրանք չի մնացել, կամ այսօր, կամ երբեք։ Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը թշնամական պարտադրանքներից, ծաղրանքից, նվաստացումից։ Այս ճանապարհով պետք է կանխենք հետագա բոլոր ողբերգությունները, որ պատահելու են մեզ»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ հիմա անհրաժեշտություն է գնալ ոչ թե հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները։ Իսկ պատճառը, նրա խոսքով, մեկն է, Երևանում է։
"Հրամայական է ժամ առաջ, համբերությամբ ու վստահությամբ վերացնել այս իշխանությունը՝ իր ապօրինություններով հանդերձ",- շեշտեց Սրբազանը։
Նրա խոսքով, այդ պայքարի արդյունքը, որին կհասնեն, որևէ մեկինը չէ, նյութական որևէ ակնկալիք իրենք չունեն.
"Սա ստի և ճշմարտության պայքար է, ու ճշտմարտությունը պիտի հաղթի։ Կիրանցի մեր հայրենակիցներն այս պահին արդեն իսկ տնազուրկ են",- ասաց նա: