Բելգորոդում լույս է տեսել V-VII դդ. եզակի աղբյուր «Աշխարհացույցի» ռուսերեն թարգմանությունը
Վերջապես իրականություն դարձավ պատմաբանների մի քանի սերունդների մեկ և կես դարի երազանքը: 1877թ. ռուսերենով առաջին անգամ տպագվել էր «Աշխարհացույցի» համառոտ տեքստը: Ընդարձակ տեքստը լույս տեսավ միայն այժմ:
Այս աշխատության տարբեր լեզուներով թարգմանության առկայությունը խիստ կարևոր է, քանի որ այստեղ
նկարագրված են Եվրոպայի 12, Աֆիրկայի 8 և Ասիայի 38 երկրներ: Խոսքը վերաբերում է ինչպես V-VII դդ., այնպես էլ
առավել վաղ ժամանակների աշխարհի քաղաքական քարտեզին: Այս եզակի աղբյուրի ռուսերեն թարգմանությունը
երկար տարիներ սպասում էին, մասնավորապես, ռուսալեզու պատմաբանները, ինչն էլ շնորհիվ պատմական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանի դարձավ իրականություն: Եթե ժամանակային առումով
«Աշխարհացույցն» ընդգրկում է Շումերից և Աքքադից մինչև վաղ միջնադար ընկած ժամանակարջանը, ապա տարածքի
առումով՝ Իսպանիայից և Բրիտանիայից մինչև ներկայիս Չինասատան: Հարավում այն ձգվում է համարյա մինչև
հասարակածային Աֆրիկա՝ հասնելով Եթովպիա:
Թարգմանությունը կատարվել է վարպետորեն, ինչի մասին հատուկ նշել են նաև գրքի խմբագիրները և գրախոսները: «Աշխարհացույցը» աշխարհագրա-պատմական բնույթի աղբյուր է և իր բովանդակությամբ մոտ է Ստրաբոնի և
Պտղոմեոսի, մասամբ Պլինիոս Ավագի գործերին: Այստեղ տրված են վերոհիշյալ երեք մայրցամաքների աշխարհագրա-
ֆիզիկական նկարագրերը (լեռնագրությունը և ջրագրությունը), օգտակար հանածոները, ֆլորան և ֆաունան,
ուրբանիզացիան, որոշ դեպքերում նաև սահմանները, ժողովուրդների բարքերը և սովորույթները: Դա տեղի է ունեցել
այն պատճառով, որ հին հայկական այս աղբյուրն ունեցել է երկու հեղինակներ՝ ի դեմս պատմիչ Մովսես Խորենացու և
բնագետ Անանիա Շիրակացու, որոնք լրացրել են միմյանց:
Թարգմանիչ պրոֆ. Հ. Հարությունյանը կազմել է նաև առաջաբան, ծանոթագրություններ և հավելվածներ: