VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել: Մեր աղբյուրի խոսքով՝ «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց: Իշխանական թիմում թերեւս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ քարոզչամեքենան եւ Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։
Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սեւերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները հրահանգ են ստացել այսօր ամենայն ուշադրությամբ հետեւել՝ որքան մարդ է մասնակցում հավաքին, ովքեր են մասնակցում, ինչպիսինն են հանրային տրամադրություններն եւ ինչպես փչացնել հավաքը քարոզչական դաշտում: ՔՊ-ում այսպիսի տեսակետ է շրջանառվում, որ եթե անգամ մեկ-երկու հավաքով չհաջողվի հասնել իրենց՝ իշխանությունից հեռացմանը, միևնույնն է, նման ըմբոստությունները եւ հավաքները կարող են «ձնագնդիի» էֆեկտ ունենալ, ու քիչ-քիչ շարժումը ավելի մեծ թափ հավաքի․ ինչպես իրենց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ եղավ։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել Գյումրիից քայլերթը, շատ քիչ աջակցություն ուներ, բայց, գնալով մեծ թափ ստացավ, ու հաջողվեց իշխանափոխության հասնել:
Հենց սա է նաև պատճառը, որ այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են, ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վարկաբեկում են շարժման լիդերներին, աջակիցներին, ու հատկապես, փորձում են տպավորություն ստեղծել, որ եթե շարժումը հաջողի, ու իրենք հեռանան իշխանությունից, ապա նոր պատերազմն անխուսափելի է լինելու, նախկինները վերադառնալու են և այլն: Մյուս կողմից՝ արդեն ակնհայտ է դարձել, որ ՔՊ-ի ամենասիրելի մեթոդը՝ «նորեր-նախկիններ», «սեւեր ու սպիտակներ», այլևս ազդեցիկ նարատիվներ չեն, ու հանրությունն այլևս անհետաքրքրությամբ կամ զվարճանքով է վերաբերվում նրանց այս ծեծված թեզերին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։ Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից: Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:
Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։ Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։ Հիշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր որոշել է լուսադեմին այցելել Հաղթանակի զբոսայգի՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ իրենց տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգային միջոցառումներ են իրականացնում զբոսայգում, դիպուկահարների համար հարմար տեղեր դիտարկում եւ այլն: Նախորդ տարիներին եւս Փաշինյանի այցն ուղեկցվել է անվտանգության արտակարգ միջոցառումներով, վարչապետի այցի ժամանակ թույլ չեն տվել քաղաքացիները մուտք գործեն զբոսայգի։ Այս տարի, ըստ ամենայնի, ավելի ուժեղացված ծառայություն կիրականացվի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի թիմում այլեւս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը։ Բրյուսելում կայացած ապրիլհինգյան հանդիպումից հետո այս թեման իսպառ փակվել է ներկուսակցական հարթակում: Մինչդեռ այդ հանդիպումից առաջ գրեթե 24/7 ռեժիմով փակ հավաքներ ու քննարկումներ էին անցկացնում այս թեմայով, հրատապ համարում այդ անդամությունը, որը պետք է բերեր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ իրենց թիմի հաղթանակն էին համարում։ Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել, ենթադրում են՝ Փաշինյանը հարցն օրակարգ կբարձրացնի պատեհ պահին, ինչպես բրյուսելյան հանդիպումից առաջ, երբ հույս ուներ մեծ գումարներ ստանալ Արեւմուտքից եւ փիառ իմաստով դա օգտագործել, մինչդեռ ստացավ ընդամենը 350 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության խոստում՝ առաջիկա 4 տարիների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 անձ Արցախից տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ 2022թ․ նոյեմբերի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին տված ասուլիսում, երբ հարց հնչեց, թե տեղյակ է արդյոք Արցախից բռնի տեղահանված գրեթե 150 հազար քաղաքացուց, թե 16 հազար քաղաքացու արտագաղթից հետո քանի անձ է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության համար, կշիռ ունեցող որևէ պատասխան չհնչեց։ Փաշինյանի պատասխաններից ենթադրում ենք, որ թեպետ Հայաստանը հռչակեց ժողովրդապետություն, այնուամենայնիվ, իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ։ ՀՀ վարչապետը խուճապահար է, և հարցին, թե ինչպես է պատրաստվում արցախցիներին աջակցել, նա պատասխանել էր, որ առաջիկայում պատրաստվում է արցախցիներին բնակարանով ապահովելու նախագիծ ընդունել։ Ըստ երևույթին, այս «խիստ» արտագաղթի ֆոնին, վարչապետը որոշել է գայթակղիչ առաջարկներ անել և արդարացնել արտերկրից Հայաստանին փոխանցված գումարների բաշխումը, որոնց ճակատագրի մասին, մինչ այս, որևէ լուր չունենք, թե ինչպես են բաշխվում, ինչ անհրաժեշտությամբ և կարիքներով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երեւան գալուն ընդառաջ ուշագրավ վերադասավորումներ են: Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: Նկատենք, որ վերոնշյալ վարչությունը իրավապահ համակարգում համարում են ԱԱԾ-ի վարչություն, քանի որ այս վարչությունը կազմում ԱԱԾ-ից տեղափոխված քննիչներն են հավաքվել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ` 2020թ․ մարտական գործողություններից հետո, անհայտ կորած է համարվում 195 հոգի, (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) և ևս 2 զինծառայող անհայտ կորած են համարվում 2022թ․ սեպտեմբերի մարտական գործողություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 42 հայ (այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ)»:
Հավելենք, որ ոչ պաշտոնական շրջանակով նշվում է 80 չհաստատված հայ գերու մասին։
2024 թվականի ընթացքում արդեն 2 անգամ ասուլիս տված ՀՀ վարչապետը, այդպես էլ հստակ չկարողացավ սահմանել, թե գերիների վերադարձի հարցով ինչ քննարկումներ են եղել։ Նա պարզապես ասաց․ «Քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ ում հետ և ինչ ենք քննարկել»: Ինչ խոսք, գերիների մասին Փաշինյանը պարբերաբար հիշում է միայն հիշեցումներից հետո, բայց ակնհայտ է՝ արդյունավետ որևէ քայլ չկա, որը կապացուցի իշխանության խոսքերի հավաստիությունը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաեւ փակվում են, լուծարվում եւ շենքերը՝ վաճառվում։ Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թեւոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը օտարել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ չի շահագործվում։
24 08 2023թ․, կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը եւ միացնել «Գուգարքի հիմնական դպրոց»-ին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում է (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 աշակերտ, 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23):
10․01․2024թ․, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրեց․ «2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում»։ 20․01․2024թ․, 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը եւ միավորել հարեւան գյուղի դպրոցի հետ։ Ընդ որում, երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։