24.11.2024
Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման տեսլականը
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ:


Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:


Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:


«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը»,- ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` ասել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:


Օրենքով ԶԼՄ-ներին չի պարտադրվելու ինքնակարգավորվել կամ մաս դառնալ ինքնակարգավորվող որեւէ կառույցի, սակայն խրախուսելի է լինելու համակարգին միանալը: Նշվել է, որ ինքնակարգավորման մեխանիզմին միացած եւ չմիացած լրատվական գործունեություն իրականացնողներն ունենալու են նույն իրավունքներն ու պարտականությունները, բայց ոչ նույն հնարավորությունները:


«Ի վերջո, հանրությունն ունենալու է հրապարակային ռեեստր, որտեղ բոլորս տեսնելու ենք, թե որ ԶԼՄ-ներն են, որոնք պատրաստ են եղել անցնելու այդ ճանապարհով` միանալու այս կամ այն ճանաչված ինքնակարգավորման մարմնին կամ ապագայում` մեդիախորհրդին: Մաս դառնալով այդ բարեփոխումներին` տվյալ ԶԼՄ-ն ցույց է տալու, որ պատրաստ է կրելու հանրային սոցիալական պատասխանատվություն եւ դառնալու ինքնակարգավորման համակարգի մի մաս»,- նշել է Տիգրան Դադունցը:


Նրա խոսքով նախաձեռնությամբ փորձ է արվում վերանայել ԶԼՄ-ների վերաբերյալ «ավանդական» հասկացությունները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ըստ զեկուցողի` մանրամասն սահմանվել են ԶԼՄ միջոց համարվելու հատկանիշները, ներդրվել է լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության գաղափարը: «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրեն համարում է լրատվական գործունեություն իրականացնող, պետք է ցույց տա այդ գործունեությամբ զբաղվելու մտադրությունը, որը կարող է արտահայտվել տարբեր ձեւով»,- ընդգծել է բանախոսը:


Խոսելով Մեդիախորհրդի ձեւավորման մասին` նշվել է, որ այն կազմված է լինելու ինքնակարգավորման մարմինների կամավոր միավորումից: Զեկուցողի խոսքով Մեդիախորհուրդը կլինի ինքնակարգավորվող, անկախ եւ ոչ առեւտրային կազմակերպություն:


Նշվել է, որ ՀՀ կառավարությունը կփորձի ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ համախմբել միջազգային գործընկերներին:


Զեկուցողը պատասխանել է քննարկման մասնակիցների` առաջարկվող փոփոխությունների, մեդիախորհրդի ձեւավորմանն ու գործունեությանը, վերջինիս տրվելիք արտոնություններին, հեղինակային իրավունքի խախտումների մասով Մեդիախորհդի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությանը վերաբերող հարցերին:


Կարեւորելով ոլորտում կատարվող փոփոխությունները` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ընդունելի է թե’ գործադիրի, թե’ օրենսդիրի եւ թե’ քաղհասարակության կողմից:


Նախաձեռնությունը լրամշակվելուց հետո կքննարկվի Կառավարության նիստում: