24.11.2024
Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Դատախազը ԱԺ-ում ներկայացնելու է դատախազության գործունեության մասին հաղորդումը

2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:


2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում, միաժամանակ, աճել են միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների 1678, 2022 թվականին՝ 880 դեպք: 1678 դեպքերից 1132-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչեւ 2022 թվականի 2-րդ կիսամյակ չէին հաշվառվում որպես հանցագործություն: Առանց հանկարծամահության դեպքերի՝ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործություն: Հանցագործության 40.666 դեպքերի 80.9 տոկոսը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններ են: Առանձնապես ծանր հանցագործությունները հանցավորության ընդհանուր զանգվածում կազմում են 4.1, իսկ ծանր հանցագործությունները՝ 15 տոկոս: Հանցագործությունների աճին զուգահեռ արձանագրվել է դրանց բացահայտման ցուցանիշի նվազում՝ մոտ 15 տոկոսով:


Աննա Վարդապետյանը նաեւ հայտնել է, թե ավարտված գործերի արդյունքում որքան գումար է վերադարձվել պետությանը: «2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: 2023 թվականին ավարտվել է 33.396 քրեական վարույթ, 2022 թվականին՝ 19.139: Ընդհանուր իրավասության եւ հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ է ուղարկվել 8448 գործ՝ 10.170 անձի վերաբերյալ: Համեմատության համար՝ 2022 թվականին դատարան է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ»,- ասել է զեկուցողը:


Նշվել է, որ 2023 թվականի ընթացքում դատարաններում քննված եւ ավարտված գործերի մասով եւս աճ է արձանագրվել: Ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ 2022 թվականին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021 թվականին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ: Գլխավոր դատախազի խոսքով դատական քննությամբ ավարտված գործերով պետությանը վերականգնվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում՝ 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը:


Աննա Վարդապետյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելուն, դատավարությունների ձգձգմանը, թմրամիջոցների օգտագործման եւ վաճառքի ծավալների կտրուկ ավելացմանը եւ այդ հանցագործությունների բացահայտման նվազմանը, գաղտնալսումներին, ընտրողաբար կատարվող ձերբակալություններին եւ կալանավորումներին, կոռուպցիոն հանցագործությունների աճին, Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերին՝ կապված ապօրինի գույքերի հետ, մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատությանը, որոշ դեպքերով անձանց բերման ենթարկելուն, ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, քննիչների ծանրաբեռնվածությանը եւ այլն:


Աննա Վարդապետյանը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ:


Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել հաղորդումը: