25.11.2024
Հայաստանի ու Կատարի երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. ՀՀ դեսպան

Հայաստանի արտաքին քաղաքականության սեյսմիկ տեղաշարժը, որը հանգեցրել է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը, սպառնալիք չէ Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Politico-ին տված հարցազրույցում։


«Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում»,- նշել է Բալայանը։


Նրա խոսքով, Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա. «Ներկայում մեր ազգային շահը պահանջում է, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ: Դա չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և դա մի բան է, որը մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»,- հավելել է նա։


Անդրադառնալով Հայաստանի կողմից իր անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքին սառեցնելու հանգամանքին, Բալայանը շեշտեց՝ դա չպետք է դիտարկել որպես Ռուսաստանի հաշվին շրջադարձ դեպի Արևմուտք.


«Երբ մենք այս հարցերի մասին խոսում ենք ռուս դիվանագետների հետ՝ ասելով, թե ինչ ենք անում, երբեք որևէ հակափաստարկ չեմ ստացել, թե ինչու չպետք է այսպես անենք կամ ինչպես կարող են եվրոպական և ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում վնասել ռուսական շահերին»,- եզրափակել է նա: