Ի՞նչ է սպասում Երևանը Բաքվից. ԱԳ փոխնախարարը փակագծեր բացեց
Խնդիրը ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նոր առաջարկների մեջ է, այլ Բաքվի կողմից արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մեջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանը լրագրողներին հիշեցրեց, որ տեղի է ունեցել առաջարկների փոխանակման 8-րդ փուլը, և այժմ հայկական կողմը սպասում է հարաբերությունների կարգավորման համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկների պատասխանին։
«Սակայն, ըստ էության, խնդիրը ոչ թե նոր առաջարկների, այլ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեջ է։ Խոսքը երեք սկզբունքների մասին է, որոնք համաձայնեցվել են երկու երկրների ղեկավարության հանդիպման ժամանակ։ Պետք է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնություն տա, որպեսզի դրանք արտացոլվեն այս փաստաթղթում»,- նշեց փոխնախարարը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը բանակցությունների ներկա փուլից։