Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Փաշազադեի կողմից հնչեցված մեղադրանքներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի կողմից հնչեցված մեղադրանքներին:
«Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանելով Ալահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները, Մայր Աթոռում ասել են.
«Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է եւ շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռեւանշիզմ։
Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությանը եւ տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը եւ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին։
Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգեւոր հեղինակությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները եւ նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը»։
Ալահշուքյուր Փաշազադեն, մասնավորապես, ասել էր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու»:
Նա պնդել է, որ «այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում»։