ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա
Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա վերջին տարիների գործողությունները, Ալիևի խոսքը Հայաստանի զավթած տարածքների վերաբերյալ չի խոսում նրա մասին, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղ համակեցությամբ ապրել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա։ Եթե քարտեզների շուրջ համաձայնության են գալիս, դրանից հետո տարիների աշխատանք է սպասվում.
«Ամբողջ մասշտաբով, ամբողջ 1000 կիլոմետրի համար կողմերը գալիս են համաձայնության, դրանից հետո իրականացվում է սահմանագծում։ Այսինքն՝ տեղում գծվում է սահմանը և սկսվում է կահավորումը։ Այս ամենը չի իրականացվել»,- ասաց Օհանյանը։