23.11.2024
Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին

Մարտի 26-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին, լիտվացի փորձագետ Վիգանդես Քուրկուլիսին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։


Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունն ուղղված ՆԳՆ լայնածավալ բարեփոխումների իրականացմանը։
Կարևորելով միջազգային փորձը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է մասնագիտական աջակցության ցուցաբերումը, փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։

Թոմաս Բիկմանասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին`իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, որի ենթաբաղադրիչներից մեկն է «Փրկարար ծառայության կառուցվածքի ակնարկ, ապակենտրոնացման մոդելի բացահայտումը»։ Բիկմանասը նշել է, որ ներկայումս ծրագրի աշխատանքային պլանի համաձայն` նախատեսվում է աշխատանքները շարունակել նոր ուղղություններով, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, հատկապես` կառավարման ոլորտի բարելավմանը, Փրկարար ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների հիերարխիկ կառավարմանը, ապակենտրոնացման մոդելի կիրարկմանը։

Ներկայացնելով լիտվացի փորձագետին՝ ծրագրի ղեկավարը նշել է, որ ընտրված միջազգային կարճաժամկետ փորձագետը բավականին լայն փորձ ունի Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության ամենաբարձր պաշտոններում, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման գործում, որը մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքում կկիրառվի հօգուտ ծրագրի ենթաբաղադրիչի արդյունավետ իրականացմանը և փորձի տեղայնացմանը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր։

Կամո Ցուցուլյանը համառոտ ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիներին ծառայության ձեռքբերումներն ու հաջողությունները, միջազգային փորձառությունը, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունները և ներկայիս առաջնահերթությունները։

Հյուրերը եղել են նաև ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում, տեղում ծանոթացել ստորաբաժանումների գործունեությանը, տեխնիկական հագեցվածութանը և գործառույթներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել ծրագրի իրականացման շարունակականությունը։