Սահմանազատման հանձնաժողովները փաստաթղթեր են փոխանցում՝ հասկանալու, թե ինչպես պետք է տեղի ունենա Տավուշի հատվածում տարածքների փոխանցման գործընթացը, «Ազատության»-ը հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Անցած շաբաթավերջին վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում իշխող խմբակցության հետ քննարկել է Տավուշի հատվածում սահմանազատմանն առնչվող հարցեր։ Թե ինչ ժամկետներում է ծրագրվում Ադրբեջանին փոխանցել Տավուշի հատվածում գտնվող տարածքները, դեռևս հստակ չէ։
- Ո՛չ, չի խոսվել հստակ ժամկետների մասին։ Խնդիրն այն է, որ մենք բանակցությունների փուլում ենք դեռ, նույն սահմանազատման հանձնաժողովները փոխանցում են փաստաթղթեր՝ հասկանալու համար՝ ինչպես այդ գործընթացը պետք է տեղի ունենա։
- Մոտավոր ժամկետներ էլ չե՞նք կարող ասել, թե երբ կարող են այդ տարածքերը փոխանցվել։
- Չէ՛, ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկար։
- Բայց Փաշինյանը ձեզ հետ հանդիպմանն ասե՞լ է, որ քիչ ժամանակ ունենք։
- Չեմ հիշի իրականում այդպիսի ձևակերպում, բայց ես ինքս, ուսումնասիրելով դաշտը և նայելով, թե ինչպիսի տեկտոնական շարժումներ են տարածաշրջանում տեղի ունենում, ես էլ եմ կարծում, որ այնպես չէ, որ մենք տարիների ժամանակ ունենք, և կարող ենք լուծել այդ հարցը որոշակի տարիների ընթացքում։
- Իսկ այդ տարածքներից 3 -րդ բանակային կորպուսի դուրս գալու մասին խոսվե՞լ է։
- Բանակային կորպուսի, սահմանագծին կանգնող զորքերի, կամ ինչ է լինելու այդ ամբողջի արդյունքում, դեռևս բանակցությունների փուլում է։ Մենք հստակ չենք կարող ասել՝ ինչ տեղափոխումներ կլինեն։ Այդ ամենը դեռ բանակցությունների փուլում է։