24.11.2024
ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի առջև անվտանգության իր պարտավորությունները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարներն անդրադարձել դիվանագիտական դպրոցների հարցերին

Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։


Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները և խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը։


Անդրադարձ է կատարվել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև փոխգործակցության հարցերի:


Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաև ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարևորությունը։


Երկու երկրների միջև համագործակցության զարգացման համատեքստում նախարարներ Արարատ Միրզոյանը և Դիանա Մոնդինյոն անդրադարձել են նաև Արգենտինայում հայ համայնքի՝ որպես յուրատեսակ կամրջի դերին։


Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և ընդհանուր առմամբ մինչ օրս բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը։


Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը: