Մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում բարդ շրջան է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Երևանում կգերիշխի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը։
"Այժմ մենք բավական բարդ շրջան ունենք մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ ի դեպ, այդ հայերի՝ Ռուսաստանի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է կազմում Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է", - ասել Է Պեսկովը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ կովկասյան տարածաշրջանն այժմ իր վրա է գրավում տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը, ինչն ազդում է Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանի պետությունների հարաբերությունների վրա:
"Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն եւ բարգավաճում բերել", - հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: