24.11.2024
Միացանք Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԱԳՆ ուղերձը՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ.

Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։

Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։

Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։