24.11.2024
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակաարցախյան նոր արշավ է նախապատրաստում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված եւ դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։ Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին եւ այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։ Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու եւ առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու Տավուշում: «Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», – նշել էր նա։ Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ եւ բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաեւ իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում եւ մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլեւ ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցն իրականում մեկ նպատակ է հետապնդել՝ վախեցնել մարզի բնակիչներին ու պատերազմի սպառնալիքի ներքո նոր զիջումների պատրաստել քաղաքացիներին:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը՝ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո, մարզում խուճապային տրամադրություններ են առաջացել: Բանն այն է, որ Փաշինյանը քաղաքացիներին վախեցրել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք, ապա Ադրբեջանը Ոսկեպարի կողմից է հարձակվելու Հայաստանի վրա, Թուրքիան՝ Արմավիրի: Ասել է նաեւ, թե մեր բանակը ունակ չէ պայքարելու թուրքական բանակի դեմ, այսինքն՝ Փաշինյանի ասածն այն է, որ պետք է կատարենք թշնամու բոլոր ցանկությունները, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ թե դրա արդյունքում հայրենիքի մնացորդից էլ ինչ կմնա, պարզ չէ: Ահա այս հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել տեղացիների մոտ: Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրված գնացել է Տավուշ, որպեսզի կոտրի ու թեւաթափ անի քաղաքացիներին, ու այնպիսի հայտարարություններ է արել, որ նրանք նոր պատերազմի սպառնալիքի ներքո համաձայնեն նոր զիջումներին, ու բողոքի ալիք չբարձրանա: Ողջ նպատակն այն է, որ մարդիկ չբողոքեն, հանրահավաքներ չանեն, եւ իր իշխանությունը չերերա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորներից շատերի կարծիքով՝ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի հնարավորինս սեղմ ժամկետում` արագությամբ։ Նրանք դա հասկացել են Փաշինյանի «նեղ կռուգից» ստացված կցկտուր տեղեկատվությունից։ Դեռեւս երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Փաշինյանն «ավետել» է, որ պատրաստվեն առաջիկայում չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։ Ներկաներից շատերը նույնիսկ չեն էլ հավատացել, որ այսքանից հետո վարչապետը որոշել է նման բեռ վերցնել ուսերին` նախորդ հանձնածները դեռ չմարսած: Փաշինյանի երեկվա պահվածքից եւ Տիկտոկում հանդես գալուց հետո ակնհայտ դարձավ, որ գյուղացիներին տված խոստումը, թե` կմտածեմ, կպատասխանեմ ձեզ, հերթական սուտն է: Նա տիկտոկյան հարթակով արդեն սպառնում էր՝ եթե չտանք, պատերազմ կլինի։


Ի դեպ, երեկ վաղ առավոտյան մեզ լուրեր հասան, որ երկու ավտոբուս ոստիկանական զորք է ուղարկել Տավուշ, որտեղ նախօրեին հայտարարել էին, թե բողոքի ակցիա են անելու, ճանապարհ են փակելու։ Բայց, մեր աղբյուրի պատմելով, ոստիկանները Ոսկեպարում եղել են շատ կարճ ժամանակով` գյուղացիները նկատել եւ աղմուկ են բարձրացրել, նրանք նստել են ավտոբուսն ու հեռացել։ Իսկ բողոքի ակցիան հետաձգվել է Ոսկեպարում բնակիչներից մեկի թաղման պատճառով։ Ի դեպ, Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն իր հետ տարել էր նաեւ ՆԳՆ նախարար, իջեւանցի Վահե Ղազարյանին, որ վախի մթնոլորտ ստեղծի եւ հասկացնի, որ անհնազանդները պատժվելու են։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր։ Սակայն Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։


ԱԺ նախագահի խոսնակին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման առաջարկ, եւ ընդունե՞լ է Ա. Սիմոնյանը Բաղունցին: Խոսնակ  փոխանցեց․ «Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ եւ օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանեց` ոչ, չի եղել: Չնայած արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ Բաղունցը` որպես քաղաքացի, հանդիպել է ԱԺ նախագահի հետ։ Մեր տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահը փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել անգամ լսել այդ մասին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։ Սակայն Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ չգտավ որեւէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատել է գերությունից: Ավելին 2020 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։


Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսեւորել եւ սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել. «1. Եթե կան նման նախադեպեր, կխնդրեմ ներկայացնել օրինակները: 2.Իսկ եթե չկան նախադեպեր, խնդրում եմ հայտնել, թե ինչու ձեր մարդասիրությունը արթնացավ հենց պետական բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի մեծ ընտանիքի անդամի քրեական վարույթով»:


Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին: Իհարկե, Աննա Վարդապետյանին ուղղված հարցադրումների պատասխանում չկա խոսք այն մասին, թե անձամբ Աննա Վարդապետյանը քանի հոգու նկատմամբ է մարդասիրություն դրսեւորել, եւ քանիսն են կալանքից ազատվել: Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։ Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։ ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են:


Հիշեցնենք, որ նույն այդ միջոցառման ընթացքում նախարարը նշել էր. «Շատ կարեւոր է այս աշխատանքը նաեւ գնահատել, կարեւոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց»: Նախարարը շնորհավորել էր համալսարանականներին, սակայն ՀՀ վարչապետին չհուշեց, որ չարտաբերի նման ամոթալի մտքեր: Ըստ երեւույթին, նախարարը լռում էր, որ ցնցուղի պատմության պես մի նոր սկանդալ իր շուրջը չհասունանա։


Հավելենք նաեւ, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ոլորտը աստիճանաբար քաոսի է վերածվում։ Բանն այն է, որ կրթության ռազմավարության մինչեւ 2030 թվականի ծրագրով սահմանված է՝ աշխարհի 500 թոփ համալսարանների շարքում 5 հայկական բուհ պետք է ունենա Հայաստանը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարիներին 1000 թոփ բուհերի շարքում ՀՀ-ն ունեցել է 2 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2023 թվականին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դուրս է եկել այդ բուհերի շարքից, իսկ ԵՊՀ-ն զիջել է տեղը այլ համալսարանների՝ զբաղեցնելով 1081-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում 6 տարվա ընթացքում ունենալ 5 թոփ բուհ աշխարհի մակարդակով, երբ պատկերն այսպիսին է, իսկ ՀՀ վարչապետն էլ ակադեմիական կրթությունը բավարար որակյալ չի համարում, խիստ կասկածահարույց է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները։ Խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել, որի համաձայն՝ քիչ սովորողներ ունեցող դպրոցների կառավարման խորհուրդները կմիավորվեն, այսինքն, ըստ այդ նոր կարգի, եթե դպրոցում սովորում է 1500-ից ավելի աշակերտ, ապա այդ հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհուրդը չի խոշորացվի, իսկ եթե 1500-ից պակաս է, ապա առավելագույնը 7 դպրոցների խորհուրդներ կմիանան իրար այնպես, որ միասին վերցրած աշակերտների թիվը չգերազանցի 2 հազար 500-ը։ Այս դեպքում կառավարման խորհուրդը պետք է ունենա 17 անդամ։