Ֆիդանը և Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հանդիպման ընթացքում, TRT-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք վստահություն են հայտնել, որ այս գործընթացում հաջողությունները նպաստում են Կովկասի ընդհանուր բարգավաճմանն ու կայունությանը, ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Գազայում և Ուկրաինայում։ Երկու կողմերն ընդգծել են Գազայում կրակի անհապաղ դադարեցման և տարածաշրջանին մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությունը։
Հաջորդ թեման Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի խնդրի քննարկումն էր։ Թուրքիան ընդգծել է իր վճռականությունը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և կոչ է արել ԱՄՆ-ին համագործակցել այդ հարցում։
Նշվել է նաև Իրաքում քաղաքական կայունության պահպանման և «իր տարածքում ահաբեկչական տարրերի դեմ պայքարի» շարունակման կարևորությունը։