25.11.2024
Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ շտաբի պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշթիանին ու նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը չորեքշաբթի հանդիպում են ունեցել Թեհրանում, որտեղ քննարկել են հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ: News.am-ն է գրում՝ հղում անելով Mehr-ին։


Հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, ասել է Աշթիանին՝ ավելացնելով, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։


Հայաստանի անկախության ձեռքբերման պահից երկու երկրների միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում միշտ բարձունքի վրա են եղել, ավելացրել է նա։


Իրանցի նախարարը Իրանի աջակցությունն է հայտնել խաղաղությանը տարածաշրջանում։


«Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության իրավունքի եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության աջակցությունն է»,- ասել է նա։


Նա նաեւ ընդգծել է, որ Կովկասյան տարածաշրջանի հարցում Իրանը մնում է հավատարիմ այդ քաղաքականությանը եւ կաջակցի ուղիղ բանակցություններին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։


Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, նա ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների կողմից, եւ ցանկացած այլ մոտեցում, որը կհակասի այս քաղաքականությանը, անընդունելի է։


Սուրեն Պապիկյանն, իր հերթին, ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի երկու երկրները միանման վերաբերվեն կայունությանը տարածաշրջանում»։


Նա նաեւ կոչ է արել սերտացնել երկկողմ հարաբերությունները Թեհրանի եւ Երեւանի միջեւ։