VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։
ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։ Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ: Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը դեռ պատգամավոր է, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, մանդատը վայր դնելու դիմումից 1 շաբաթ անց պետք է կրկնի հրաժարականը, սակայն երեկ ԱԺ-ում նա արդեն նախարարական «կայֆերի» մեջ էր։ Հիշեցնենք, որ Փաշինյանը որոշել է Վահան Քերոբյանի փոխարեն Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար։ Նախագիծ զեկուցելու նպատակով ԱԺ եկած էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ, բառի բուն իմաստով, վազում էր ապագա շեֆի՝ Պապոյանի ետեւից, կրնկակոխ ուղեկցելով նրան։ Ի դեպ, ՔՊ-ականները վստահեցնում են, որ Պապոյանի սրտով չէ գործադիր տեղափոխվելը, նա մտավախություն ունի, որ դա իր համար լավ ավարտ չի ունենալու` պատգամավորի կարգավիճակն ավելի ապահով է, սակայն կադրերի սղության պատճառով Փաշինյանի որոշումը չի քննարկվում, եւ նա զրկված է առաջարկից հրաժարվելու իրավունքից։ Պապոյանից հետո պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՔՊ ցուցակի, Դավիթ Կարապետյանինն է, ով 2018-ի դեպքերից հետո նշանակվեց Մալաթիա-Սեբաստիայի վարչական ղեկավար։ Նաեւ աշխատել է ՊՎԾ-ում` որպես ծառայության ղեկավարի խորհրդական։ Նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։ «Կին առաջնորդների միջազգային ակումբը բոլոր 3 խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի եւ հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները եւ զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջեւ»,- նշված է տեքստում։ Փաստորեն, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն, համագործակցելուն խանգարում են իրենց քաղաքական ուժերը եւ ԱԺ հանձնաժողովները: Ասենք՝ «Հայաստան» խմբակցությունում Արմինե Կյուրեղյանին, Ասպրամ Կրպեյանին, «Պատիվ ունեմ»-ում Թագուհի Թովմասյանին թույլ չեն տալիս ԱԺ պատերի ներսում եւ, առհասարակ, շփվել իշխանական տիկնանց հետ, եւ այդ երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն: Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են եւս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի (նշենք, որ Արտյոմ Սմբատյանը 2024 թվականի փետրվարի 27-ից ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից - խմբ.) հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։
Այսպիսով, եթե Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, 2019 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ-ում վարձատրվում էր տարին 3,4 միլիոն դրամ, ապա մեկ տարի անց նրա տարեկան աշխատավարձը գրեթե կրկնապատկվում է` դառնալով 5,1 միլիոն դրամ։ Եվ այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մկրտչյանի ամուսինը ճամփորդում է առողջապահական ոլորտի ցանկալի պաշտոններով։ Ավելին՝ 2020 թվականին բժշկուհին՝ Գոհար Մկրտչյանը, սկսում է աշխատել միանգամից 3 հիվանդանոցում, իսկ մեկ տարի անց վաճառում է իր Nissan մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրը եռակի թանկ՝ 6,2 միլիոն դրամով, ձեռք է բերում BMW մակնիշի ավտոմեքենա։ Սմբատյանի զոքանչի մասին դեռ 2022 թվականին մամուլը գրել էր, որ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ 2019թ.-ին իր անունով ուներ գրանցված միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է։ Նա հասցրել է ձեռք բերել նաեւ մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում եւ բնակարան Աջափնյակում։ Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երեւանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։ Ստացվում է, որ ոչ միայն պատգամավորներն ու նախարարներն են օգտվում իրենց ընձեռնված «հնարավորությունից», այլ նաեւ նրանց ընկերները։ Այդ ընկերները, ստացվում է, ավելի շատ ունեցվածք են կուտակում, քան նրանց հովանավորողները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:
ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։ Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։ Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին։ Մինչ Պաշտպանության նախարարությունում աշխատելը Բրուտյանը պաշտոններ է ունեցել ֆինանսական ոլորտում, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես վարչության պետ, ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական եւ այսպես շարունակ։ Բրուտյանը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք, որից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. այն 2017 թվականին ժառանգություն է ստացել փոխնախարարը։ Երկրորդ անշարժ գույքը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տունն է, որը 2012 թվականին է նվիրատվություն ստացել Բրուտյանը։
Երրորդ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Բրուտյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր։ Այն գտնվում է Ջրվեժ համայնքում։ Փոխնախարար Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար եվրո, 40 հազար ԱՄՆ դոլար եւ 55 մլն դրամ։ Բրոտյանի տարեկան եկամուտները կազմել են 19 մլն դրամ, որից 15 մլն 563 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 719 հազար դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից։ Թե ինչպես է մշտապես միայն պետական պաշտոնյա աշխատած Բրուտյանը կուտակել այդքան կանխիկ գումար, թերեւս կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Տեղեկացնենք, որ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն դրամ, որը ներառում է նաեւ 2 բնակելի տների հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Բրուտյանը եւս այն պաշտոնյաներից է, ով պաշտոնին զուգահեռ անշարժ գույքեր է ձեռք բերում եւ գումարներ դիզում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարկային վնասը Երեմյանների բիզնեսներում կրում է խրոնիկ բնույթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկերից ազատված եւ արտոնյալ հարկային պայմաններով գործունեություն ծավալող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն չի կատարում նաեւ հարկային մնացած պարտավորությունները։ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, 1000 խոշոր հարկատուների շարքում լինելով 141-րդը, տարեկան հարկային մուտքերը կազմել է 2 մլրդ 341 մլն դրամ, սակայն պետությանը վճարում է 970 մլն դրամ եկամտահարկ։ Հետաքրքիրն այն է, որ, ըստ ՀՀ հարկ վճարողների մասին օրենքի, շահութահարկ վճարողներ են համարվում (հոդված 103) ռեզիդենտ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, նոտարները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ երաշխիքային ֆոնդերի), ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Ինչպես կարող ենք եզրակացնել, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն դասվում է այս շարքին, սակայն չի վճարում պետության հասանելիք շահութահարկը։
Ըստ օրենքի՝ շահութահարկ վճարողներ չեն համարվում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:
Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունը սեփական երաշխավորության տակ գտնվող անձանց կամ նրանց հետ կապ ունեցող կազմակերպությունները հոգատարությամբ պահում է բամբակների մեջ, իսկ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողներին անխնա հարկում է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գյումրու համայնքապետարանը հայ հայտնիների նկարներով պաստառներով կահավորել է 10 կանգառ։ Մինչ այդ շների, կատուների պաստառներ էին փակցված քաղաքի տարբեր հատվածներում։ Իհարկե, տրանսպորտի աշխատանքը սրա արդյունքում չի լավացել, բայց այս մտահղացումը շատ է դուր եկել գյումրեցիներին։ «Քաղաքն ազգային գույներ է ստանում այսկերպ»,-կարծում է գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը։